Գավառում դեկտեմբերի 15- 19-ն ընկած ժամանակահատվածում աստիճանական աճ են արձանագրել հացի եւ նպարեղենի գները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 18-19-ին արդեն հատիկեղենի բոլոր տեսակները խանութներում վաճառվում են իրենց նախկին գներից 100 դրամ ավելի թանկացումներով:

 

Նորզելանդական կարագը երկու օրվա ընթացքում թանկացել է 600 դրամով եւ նախկին 2900 դրամի փոխարեն վաճառվում է 3500 դրամով:Հինգ հատ լավաշ պարունակող եւ մեկ կիլոգրամ կշռող փաթեթը նախկին 500 դրամի փոխարեն վաճառվում է 600 դրամով:10-20 դրամով թանկացել են նաեւ մյուս հացատեսակները:

 

Իսկ չրեղենի եւ չարազեղենի գները վերջին օրերի զարգացումների վրա արդեն աներեւակայելի աճ են արձանագրել՝ բարձրանալով մեկից մինչեւ 3 հազար դրամի սահմաններում: Բարեբախտաբար, առայժմ չի բարձրացել տավարի եւ խոզի մսի գինը: Տավարի մսի մեկ կիլոգրամը նախկինի պես շարունակում է վաճառվել 2300, խոզի մսի մեկ կիլոգրամը՝ 3000 դրամով:

 

Չնայած նրան, որ դեկտեմբերի 18-ի ընթացքում դրամն արդեն արժեւորման եւ կայունացման միտումներ է դրսեւորել, այդուհանդերձ, դեկտեմբերի 19-ին հացի, հատիկեղենի, կարագի, այլ մթերքների՝ նախօրոք բարձրացված գները մնացել են անփոփոխ եւ նվազման միտում առայժմ չեն դրսեւորում:

 

«Մենք չգիտենք, թե տնտեսական մրցակցության հանձնաժողովն ինչ պատժամիջոցներ կկիրառի այս անհիմն թանկացումների դեմ, թե դա ինչ արդյունք կարող է տալ, սակայն առայժմ համոզված տեսնում ենք, որ գները շարունակ աճում ու աճում են, այն էլ՝ Ամանորի նախաշեմին, եւ ոչ մի զսպող գործիք, պատժամիջոց մենք մարզերի խանութներում ու վաճառակետերում չենք տեսնում, փոխարենը հարվածը հասցվում է մարդկանց առանց այդ էլ կիսադատարկ գրպաններին:

 

Փաստորեն, վաճառողներն ու վերավաճառողները միշտ էլ ճարպկորեն կարողանում են օգուտ քաղել ամենաչնչին իսկ առիթից»,- դժգոհում են Գավ առի եւ Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի բազմաթիվ քաղաքացիներ:

 

Խոսրով Խլղաթյան