Հայաստանի սպառողական շուկայում վերջին օրերին եղել են տատանումներ, որոնք անհանգստացրել են Կառավարությանը, սակայն գները կարգավորում է շուկան, և Կառավարության խնդիրն է վերահսկել այն: Այս մասին ՀՀԿ գերագույն մարմինի նիստից առաջ լրագրողներ հետ ճեպազրույցում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

 

Նա հավաստեց, որ Կառավարությունը հանձնարարա կաններ է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և փորձում է ծանոթանալ իրավիճակին: «Հանձնաժողովը չի ենթարկվում անձամբ կառավարությանը, բայց վերջինս իրավունք ունի ծանոթանալու իրավիճակին և ըստ անհրաժեշտության հանձնարարականներ տալ:

 

Շուկայում տատանումներ եղել են, այո’, և պետության խնդիրն է վերահսկել այդ ամենը: Իհարկե, հնարավոր է, լինեին նաև չարաշահումներ, բայց դա չի նշանակում, որ պետությունը կարող է փոխահատուցել վնասները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Հարությունյանը:

 

Հայաստանի սպառողական շուկայում դրամի արժեզրկումից հետո թանկացումները նոր թափ են ստացել: Եթե մինչև նոյեմբեր գնաճ էր նկատվում հատուկենտ ապրանքների մասով, ապա դեկտեմբերի երկրորդ 10-օրյակից հետո գրեթե բոլոր ապրանքների գները բարձրացել են: Վարչապետը իրավիճակին ծանոթանալու համար դեկտեմբերի 18-ին շրջայց է կատարել առևտրի կենտրոններում և խոստացել, որ գները կշտկվեն: