Forbes հանդեսը տարվա գործարար է հայտարարել Ալիշեր Ուսմանովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է 2015 թվականի հունվարյան համարում, որում հրատարակությունն ընտրել է 2014 թվականի առավել աչքի ընկած ձեռնարկատերերին:

 

Հանդեսի կարծիքով՝ Ուսմանովի առավել հաջողված որոշումներն են դարձել ամերիկյան Apple եւ Facebook ընկերությունների բաժնետոմսերի վաճառքը, ինչպես նաեւ Alibaba-ի՝ Amazon-ի չինական անալոգի բաժնետոմսերի փաթեթի ավելացումը:

 

Forbes-ի «Տարվա գործարար» ամենամյա նախագիծը կազմվում է խմբագրության աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Հաջողության հիմնական չափանիշը անվանակարգորդների ներդրումների արդյունքներն են, բայց հաշվի են առնվում նաեւ այլ պարամետրեր, օրինակ, իր ընտրությունը կատարելիս խմբագրությունն ուշադրության է առել նաեւ Ուսմանովի բարեսիրական գործունեությունը:

 

Դեկտեմբերի 4-ին Ուսմանովը 4,1 մլն դոլարով Նյու Յորքում Christie's-ի աճուրդում ձեռք է բերել 1962 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնի մեդալը եւ այն վերադարձրել կենսաբանին, որը խոստացել է մեդալի համար ստացված միջոցներն օգտագործել գիտական ինստիտուտներին աջակցելու համար:

 

2014 թվականի նոյեմբերին Ալիշեր Ուսմանովը հայտնվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, որը կազմել է Forbes հանդեսը:

 

Forbes-ի վարկածով՝ Ուսմանովի կարողությունը գնահատվում է 18,6 մլրդ դոլար: