2014թ.-ի դեկտեմբերի 19-ին Հայաստանի թենիսի ֆեդերացիան հրավիրած մամուլիո ասուլիսին ամփոփեց թենիսի տարին և ներկայացրեց, թե ինչ ձեռքբերումներ են ունեցել հայերը թենիսի ասպարեզում անցնող տարում:

ՀԹՖ-ի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը խոսեց տարբեր միջազգային առաջնություններում հայ մարզիկների մասնակցության և գրանցած մրցանակային տեղերի մասին:

Իր խոսքում Գևորգ Կարամանուկյանը նշեց, որ Incourt թենիս ակումբում տարեկան 1-2 անգամ հրավիրվում են ITF-ի (միջազգային թենիսի ֆեդերացիա) և Tennis Europe-ի մասնագետներ, որոնք վերապատրաստում են թենիսի մարզիչներին, որպեսզի նրանք ավելի պրոֆեսիոնալ ու հետաքրքիր ձևով ներկայացնեն թենիսը հատկապես երեխաների շրջանում:

Հաջորդ տարվա պլանների մասով Գևորգ Կարամանուկյանը նշեց, որ Incourt թենիս ակումբի հետ մշակվել է հատուկ մինի թենիս ծրագիրը, որի նպատակն է մասսայականացնել թենիսը երեխաների շրջանում: Այդ նպատակով մինչև 8 տարեկան երեխաների համար ավելացվել է հատուկ մրցումների ցանկ, որպեսզի նրանք արդեն 10 տարեկանում թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես ու թե՛ հոգեպես պատրաստ լինեն մասնակցելու միջազգային առաջնությունների, որոնք սովորաբար սկսվում են 10-12 տարեկանից:

Բացի մամուլի ասուլիսից տեղի ունեցավ նաև ՀԹՖ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ տարբեր տարիքային խմբերի 10 լավագույն մարզիկների շնորհվեցին մրցանակներ և պատվոգրեր:

2014թ.-ի ՀԹՖ-ի լավագույն մարզիկներ ճանաչվեցին Ալլա Անտոնյանը, Դավիթ Չոբանյանը (մինչև 10տ.), Էվելինա Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը (մինչև 12 տ.), Մարինա Դավթյանը, Դավիթ Նազարեթյանը (մինչև 14 տ.), Լինդա Օհանյանը, Դավիթ Եդիգարյանը (մինչև 16 տ.), Անի Ամիրաղյանը և Աշոտ Գևորգյանը (մեծահասակներ):

ՀՀ սպորտի վարպետի կոչման հավաստագրեր ստացան Մարիամ Բայաթյանն ու Անի Սաֆարյանը:

ՀԹՖ-ն նաև 2 մրցանակ պատրաստել էր իր լավագույն գործընկեր ակումբներին՝ Գյումրու սպորտ դպրոցին և Incourt թենիս ակումբին: