Huffington Post թերթն անդրադարձել է ԱՄՆ-ի գաղափարների եւ կարծիքի ձեւավորման կենտրոններում փողով հեղինակություն գնելու Ադրբեջանի գործողություններին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթն այդ առնչությամբ գրում է, որ Ադրբեջանի կառավարության հետ սերտ կապերի մեջ գտնվող Բրենդա Շաֆերի նման շատ մարդիկ, իրենց ներկայացնելով որպես Արեւմուտքի փորձագետ, հոդվածներ են հրապարակում եւ դրանով ազդեցություն գործում Արեւմուտքի հասարակական կարծիքի վրա:

 

«Բրենդա Շաֆերը, ով Հայֆայի համալսարանի (Իսրայել) պրոֆեսոր եւ Ջորջթաունի համալսարանում հրավիրված գիտնական է, Los Angeles Times, New York Times, Wall Street Journal եւ Vashington Post թերթերում 26 հոդված է հրապարակել, որոնցում Կոնգրեսին հղած իր ուղերձներում օրենսդիրներին կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել Ադրբեջանին եւ ակտիվորեն պաշտպանել այդ երկրից Թուրքիայի տարածքով անցկացվելիք «Հարավային հոսք» կոչվող գազատարի շինարարության նախագծին:

 

Օրինակ, Foreign Policy հանդեսում հրապարակած հոդվածում Բրենդա Շաֆերը խիստ կարեւորել է ադրբեջանական գազը Եվրոպա հացնելը' դա պայմանավորելով այն բանով, որ դրա դիմաց Եվրոպան կհրաժարվի ածուխի մեծ ծավալների օգտագործումից, ինչով կպակասի մթնոլորտի աղտոտումը: Հոդվածում Բրենդա Շաֆերն ընթերցողներին ներկայանում է որպես Ջորջթաունի համալսարանի Եվրասիայի, Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան' նրանցից թաքցնելով այն փաստը, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում (SOCAR) աշխատում է որպես խորհրդական»,-գրել է թերթը:

 

Թերթը մեջբերել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի այն տեղեկությունը, որ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող Բրենդա Շաֆերը ամերիկյան ԶԼՄ-ներում հրապարակած ադրբեջանամետ հոդվածներում թաքցրել է, որ ոչ միայն խորհրդական է SOCAR-ում, այլ նաեւ դասավանդում է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:

 

Նշելով, որ Բրենդա Շաֆերը ադրբեջանական նավթափողերից օգտվող միակ պրոֆեսորը չէ, Կոզլարիչն ասել է. «ԱՄՆ-ում Ադրբեջանը պաշտպանող ակադեմիկոսներ, բիզնեսով զբաղվող անձինք կան, ովքեր նման գործողություններով վճարի դիմաց ձգտում են Ադրբեջանը ներկայացնել որպես ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր: Այս պաշտպանների մեծ մասը չեն բացահայտում Ադրբեջանի հաստատությունների հետ ունեցած կապը, քանի որ նրանք լոբբիզմ են իրականացնում Ադրբեջանի օգտին: Ես չգիտեմ, կան արդյոք Ադրբեջանի նման այլ ավտորիտար վարչակարգեր, որոնք զբաղված են նման գործունեությամբ,-թերթի հետ զրույցում ասել է Կոզլարիչը: