ԵՏՄ հիմնադիր անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի խորհրդարանները վավերացրել են այն պայմանագիրը, որը Հայաստանին թույլ է տալիս արդեն մյուս տարվա հունվարի 2-ին անդամակցել մաքսային այդ տարածքին:

 

Այս համատեքստում ուզում եմ խոսել վավերացման գործընթացի ժամանակ Ղարաբաղի խնդրի արծարծումների մասին:

 

Երբ Ռուսաստանում ու մյուս երկու երկրներում խորհրդարանականները քննարկում էին Հայաստանի՝ ԵՏՄ-ին միացման հարցը, առարկություններ, կարծես թե, չէին հնչում: Միակ վերապահումը վերաբերում էր Ղարաբաղին, զեկուցողներն էլ հավաստիացնում էին, որ Հայաստանն եվրասիականացվում է առանց ԼՂՀ-ի:

 

Քննարկումների այս ոչ այնքան հաճելի պատկերը հատկապես ցցուն եղավ Բելառուսի խորհրդարանում, որտեղ երեկ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը:

 

Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում, ներկայացնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, հայտարարել է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին կցված է նոտա, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում:

 

«Մենք մտահոգություններ ունեինք, որ Հայաստանի կազմի մեջ չմտնող տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմը ըմբռնումով է ընդունել այդ պահանջը, այդ ցանկությունը: Պայմանագրին կցվել է նոտա, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չէ: Այդ մասին հայկական կողմից պաշտոնական բանավոր հայտարարություն է հնչել»,- ասել է դիվանագետը: Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

 

Նախ, հասկանալի չէ՝ այդ ինչ նոտայի մասին է խոսքն, ու ինչ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի պաշտոնական Երևանն երեք մայրաքաղաքներ ուղարկի հատուկ նոտա Ղարաբաղի հարցով, որի բովանդակությունն, ըստ էության, այն է, որ Ղարաբաղը մաքսային տարածքի մաս չի կազմելու: Այս հանգամանքն էապես թուլացնում է Հայաստանի իշխանությունների բազմաթիվ հավաստիացումներն առ այն, որ մեր երկիրն ԵՏՄ անդամ է դառնում առավելապես անվտանգության գործոններից ելնելով, նույնն է, թե զիջում ենք մեր ինքնիշխանության մի մասը հանուն Ղարաբաղի:

 

Երկրորդ, ցավալի է, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երեք երկրներում ադրբեջանական գործոնն այնքան է կարևորվում, որ հայկական հարցը դիտարկվում է այս համատեքստում: Սա նշանակում է, որ եթե մի օր Ադրբեջանն, այնուամենայնիվ, որոշի դառնալ ԵՏՄ անդամ, Ղարաբաղի հարցը դառնալու է սակարկության թեմա նույն ադրբեջանառուսական կան Ադրբեջանի ու մյուս երկրների հարաբերություններում:

 

Եթե նույնիսկ Ադրբեջանն ԵՏՄ անդամ չդառնա, նա կարող է իր դաշնակիցների՝ Ղազախստանի ու Բելառուսի միջոցով անընդհատ բարձրացնել Հայաստանի ու Արցախի միջև անցակետ դնելու հարցը: Ի դեպ, ռուսական էլիտան չի էլ հերքում, որ այս հարցը փակված չէ ու ցանկացած պահի կարող է վերադառնալ օրակարգ:

Պաշտոնական Երևանի արձագանքները մի փոքր ադեկվատ չեն: Մերոնք ասում են, որ Արցախը դե յուրե Հայաստանի մաս չէ, ու բնական են ԵՏՄ գործընկեր պետությունների խորհրդարաններում հնչած տեսակետները: Ֆորմալ առումով՝ այո, ԼՂՀ-ն թեկուզև չճանաչված, բայց անկախ պետություն է ու չի կարող Հայաստանի հետ մեխանիկորեն մաս կազմել այս կամ այն միությանը:

 

Սակայն անհանգստացնում է այն հանգամանքը, որ եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում այդքան մեծ սրությամբ ու բոլոր հարթակներում բարձրացվում է Ղարաբաղի հարցը, ընդ որում՝ ոչ հայանպաստ շեշտադրումներով: Սա նշանակում է, որ Ղարաբաղը դառնալու է նոր սակարկությունների օբյեկտ:

 

Սուրեն Սուրենյանց