ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացի Ա. Էվոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործի մինչդատական վարույթում ձեռքբերված ապացույցների համաձայն' 2014 թվականի օգոստոսի 29-ին' ժամը 11-ի սահմաններում, Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհահատվածի 2-րդ կմ-ում, քաղաքացի Առաքելյանը վիճաբանել է Ա. Էվոյանի հետ՝ իրեն պատկանող «Զիլ 131» մակնիշի ավտոմեքեն անթերի վերանորոգելու պատճառաբանությամբ, որի ժամանակ ձախ ոտքով դիտավորությամբ հարվածել է Ա. Էվոյանի աջ կողային հատվածին։

 

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածի հետեւանքով Էվոյանն ստացել է կրծքավանդակի աջ կեսի փակ բութ տրավմայով արտահայտված աջից 9-րդ կողի կոտրվածք՝ թոքահյուսվածքի վնասումով պնևմոթորաքս. Այդպիսով նրան պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

 

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ինմասով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է գրավ՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց:

 

2014 թվականի դեկտեմբերի 18-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Ծանուցում. . Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: