Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի նախկին բնակիչ, այժմ ՌԴ Սախալինի երկրամասում բնակվող Մակեդոն Ամիրզադյանն իր միջոցներով հիմնանորոգել է այն դասասենյակը, որտեղ հաճախել է առաջին դասարան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մաքենիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանը, բարերարն այս տարվա սեպտեմբերին այցելել է հայրենի գյուղ եւ ցանկացել տեսնել այն դասարանը, որտեղ առաջին անգամ ինքը դպրոց է հաճախել եւ անցկացրել առաջին դասը: Տեսնելով դասասենյակի ոչ բարվոք վիճակը՝ բարերարը տնօրենին առաջարկել է ներկայացնել դասասենյակի հիմնանորոգման նախահաշվային ծախսերը:

 

«Դասասենյակի հիմնանորոգման համար պահանջվում էր մոտ 900 հազար դրամ, ինչը բարերարն անմիջապես հատկացրեց: Արդեն ավարտվել է դասասենյակի հիմնանորոգումը, որտեղ մեր կողմից հատկացվելու է նոր աշակերտական սեղան-նստարաններ, իսկ ջեռուցումը կատարվելու է էլեկտրական ջեռուցիչներով:

 

Հիմա այդ դասարանում սովորում է վեց աշակերտ, իսկ եկող տարվանից այդ թիվը կրկնապատկվելու է: Սա մեծ օգնություն էր հիմնանորոգման խիստ կարիք ունեցող լեռնային գյուղի դպրոցի համար»,- նշեց դպրոցի տնօրենը:

 

Խոսրով Խլղաթյան