Գյումրին այլևս խոնարհված եկեղեցի չունի: 1988 թվականի երկրաշարժի հետևանքով վթարված բոլոր եկեղեցիներն արդեն վերականգնված են: «Յոթ եկեղեցի» ունեցող քաղաքում վերականգնվեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Դեկտեմբերի 20-ին Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվեց եկեղեցու խաչն ու տեղադրվեց զանգակատան գագաթին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ, ինչպես ժողովուրդն է կոչում՝ «Գեղցոնց ժամը», կառուցվել է 1870-1980 թթ.՝ թաղամասի բնակիչների հանգանակություններով։ Եկեղեցին ունեցել է եռանավ« կենտրոնագմբեթ կառույց և փոքր զանգակատուն։ Եկեղեցուն հարակից տարածքում գտնվող բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Դրա համար էլ ժողովուրդը եկեղեցին անվանել է «Գեղցոնց ժամ»։ Խորհրդային տարիներին եկեղցու գմբեթը քանդել են և եկեղեցին վերածել պահեստի։ 1926 թվականի երկրաշարժը տեսած եկեղեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով կրկին խարխլվեց« բայց չփլվեց։ Թեև հետագա տարիներին իրականացված լրացուցիչ ամրացումների միջոցով փորձ էր արվեն կանխել եկեղեցու հետագա փլուզումը« դա այդպես էլ չի հաջողվել՝ 2003 թվականին եկեղեցին փլուզվեց։ Կանգուն էր մնացել միայն ժամերգության գավիթը: Գրում է «Արմենպրեսը»:

 

Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել էին այս տարի՝ ծնունդով գյումրեցի, սոչիաբնակ բարերար Գագիկ Պետրոսյանի հանագանակությունների շնորհիվ: Ի դեպ, բարերարի պապը եղել է այս եկեղեցու վերջին քահանան:

 

«Այսօր անչափ ուրախ եմ, քանի որ Աստված այնքան սիրեց մեզ, որ հնարավորություն տվեց Գյումրիի բոլոր խոնարհված եկեղեցիները վերակառուցված տեսնելու: 1988 թվականին տեսանք մեր բոլոր եկեղեցիների խոնարհումը, բացի «Սուրբ Յոթ վերք»-ից. թեև «Սուրբ Յոթ վերք»-ի փոքր գմբեթներն էլ խոնարհվեցին, որոնք վերականգնվեցին Նարեկ սրբազանի օրոք, հետո վերկանգնվեց Սուրբ Նշանը' հիմնականում Գրիգորիս սրբազանի օրոք, վերակառուցվեց նաև Սուրբ Ամենափրկիչը, որի խաչերը տեղադրվեցին այս տարի, և ահա այս չորրորդ եկեղեցին, երկրաշարժի հետևանքով փլուզված, վերակառու ցվեց, և խաչը բարձրացվեց: Աստված մեզ որքան արժանի համարեց, որ տվեց այս հնարավորությունը՝ վերկառուցելու Գյումրիի խոնարհված եկեղեցիները: 1988 թվականի երկրաշարժից հետո մտածում էի՝ տեսնես կտեսնե՞մ Սուրբ Ամենափրկիչը, Սուրբ Նշանն ու մյուս եկեղեցիները վերակառուցված. ոչ միայն տեսանք , այլ նաև մասնակիցը դարձանք օծման: Այսօր անհունորեն ուրախ եմ, որ իմ առաջնորդության տարիներին տեսա այս եկեղեցիները վերակառուցված»,- իր խոսքում նշեց սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով բարերարին՝ նախաձեռնության ու առատաձեռնության, և շինարարին՝ շատ որակով և կարժ ժամանակում կատարած աշխատանքների համար:

 

Եկեղեցու վերականգման աշխատանքների ավարտից հետո այն գարնանը կբացվի: Սուրբ Ամենափրկչում ևս մնացել են ներքին հարդարման աշխատանքներ:

 

 

Արմենուհի Մխոյան