Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում գրեթե սակրալ արտահայտություն էր արել՝ ասելով, որ չի մտնում ընտրապայքար, որպեսզի չստացվի երկու ղարաբաղցիների մրցակցություն: Այս արտահայտության մեջ յուրատեսակ հեգնանք կար «հայաստանածին ուժերի» հասցեին, որ ի վիճակի չեղան դիմակայել մյուս ղարաբաղցուն՝ Սերժ Սարգսյանին:
Քոչարյանի այդ «խոստովանությունը» բավական հետաքրքիր ենթագիտակցական շերտեր է պարունակում: Նա պաշտոնավարման ժամանակ միշտ ներկայանում էր «կազմակերպված պետության» դիրքերից, իհարկե յուրօրինակ պատկերացումներով, եւ նույն այդ դիրքերից կառուցում Հայաստանի հասարակական-քաղաքական-տնտեսական հարաբերությունները: Այդ ընթացքում, Քոչարյանը գրեթե դիմադրության չէր հանդիպում, եղած դեպքում էլ բավական հեշտ հաղթահարում էր, հիմնվելով հիմնականում «երեւանյան քաղաքական մշակույթի» առանձնահատկությունների վրա: Նա մանրամասն ուսումնասիրել էր այդ մշակույթը եւ օգտագործում էր այն՝ անարգել իրացնելով իր իշխանությունը:
Ո՞րն է «երեւանյան քաղաքական մշակույթի» առանձնահատկությունը, որն, ըստ մշակութաբան Վարդան Ջալոյանի, սկսել է ձևավորվել, երբ թուրքմեն Ջահան խանը Երևանը դարձրեց իր խանության կենտրոն, Մայր Աթոռն էլ տեղափոխելով Էջմիածին: Այդ կրոնական եւ այլ դոգմաների սիմբիոզ մշակույթի հիմքը մայլան է եւ ռաբիսը: Ընդ որում, ռաբիսն ավելի լայն՝ մտածողության, բարքերի եւ պահվածքի տեսակետից: Այն ենթադրում է սահմանափակ ազատություններ, միատարրություն, հակամարդկային մեռյալ ադաթներ, արտաքին աշխարհի հանդեպ թշնամանք, եւ անպայման՝ փրկիչի կերպար:
Այդ մշակույթը կենսունակ է մինչեւ մեր օրերը, նույնիսկ այն բանից հետո, երբ Երեւանը սկսեց աճել Հայաստանի տարբեր շրջաններից այստեղ տեղափոխված հարյուր հազարավոր բնակչության հաշվին: Երեւանյան մշակույթը ոչնչացրեց այդ «բազմազանությունը» եւ նրանց վերածեց անդեմ զանգվածի: Հետաքրքիր է, որ երեւանյան հասարակության նույնիսկ գրագետ ու առաջադեմ համարվող մասը խորքում այդ մշակույթի թելադրած արժեքների կրողն է կամ «զոհը»: Այս հանգամանքն ամեն անգամ իրեն զգացնել է տալիս, երբ տեղի են ունենում քիչ թե շատ նշանակալի իրադարձություններ, որոնք առնչվում են պետական-հասարակական կյանքին: Եվ դա զարմանալի չէ, քանի որ «երեւանյան քաղաքական մշակույթն» ի սկզբանե բացառում է պետությունն ու պետական մտածողությունը եւ ի վիճակի չէ ձեւավորել սեփական իշխանություն:
Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունն անզոր եղավ հաղթահարել այս մշակույթը, ստեղծել արդյունավետ պետական կառույցներ եւ կազմակերպել պետական կյանքը: Փոխարենը, երկրում աստիճանաբար սկսեց տիրել քաոսային իրավիճակ, ուր անպատիժ ռեկետ էին անում քրեական խաժամուժն ու ռազմականացված անօրինական խմբավորումները: Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստան հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին, որի խնդիրն այդ քաոսը հաղթահարելն էր:
Քոչարյանը լուծեց իր առջեւ դրված խնդիրը: Նա վերացրեց քաոսը եւ ստեղծեց «կազմակերպված պետություն»՝ հիմնված քրեական կարգի ու հստակ պայմանավորվածությունների վրա:
Դա նրան հաջողվեց, քանի որ «ղարաբաղյան քաղաքական մշակույթը» որակապես տարբերվում է երեւանյան-թուրքմենական մշակույթից: Ղարաբաղյան մշակույթում բացակայում են կլանները, մայլան եւ ռաբիսը, չկան փրկիչներ ու հեղինակություններ հայաստանյան պատկերացումներով: Դա էլ Քոչարյանին հնարավորություն տվեց արագորեն իրեն ենթարկել մայլան:
Թեեւ Քոչարյանի իշխանության օրոք Հայաստանում շրջանառության մեջ դրվեց «ղարաբաղյան կլան» հասկացությունը, սակայն դա իրականության հետ որեւէ առնչություն չուներ: Քոչարյանի իշխանության հիմքը մնում էին հայաստանյան քրեական եւ «ինտելեկտուալ» կլաններն ու խմբավորումները, որոնց Քոչարյանին հաջողվեց բերել պայմանավորվածությունների դաշտ եւ նրանց օժտել հստակ գործառույթներով, իրավունքներով ու պարտականություններով:
Մայլայի ու ռաբիսի ամենակարկառուն ներկայացուցիչները մտան Հանրապետական կուսակցություն, իսկ ավելի «ներկայանալի» ներկայացուցիչները՝ Բարգավաճ Հայաստան կուսակցություն: Երեւանյան կլանի «ինտելեկտուալ» մասն էլ մնաց Տեր-Պետրոսյանի շուրջը: Այսպես ձեւավորվեցին «հայաստանածին ուժերը»:
Հարց է առաջանում՝ կարո՞ղ էր արդյոք Քոչարյանը գնալ այլ ճանապարհով, փորձելով ընդհանրապես արմատախիլ անել ռաբիսն ու մայլան, եւ փորձել մտցնել պետական քաղաքականության ավանդույթը, հիմնվելով «ղարաբաղյան քաղաքական մշակույթի» վրա, որի հիմքում, պատմության եւ ճակատագրի բերումով, պետականության գաղափարն է առանց տարածքային սահմանափակման:
Երբ Քոչարյանը եկավ Երեւան, սկսեց հանդիպումներ ունենալ երեւանյան ինտելիգենցիայի ներկայացուցիչների, արվեստագետների, գիտնականների հետ: Պատմում են, որ այդ հանդիպումները խիստ հիասթափեցրել էին Քոչարյանին, որը ակնածանք ուներ այդ մարդկանց հանդեպ: Նա այդպես էլ չէր հասկացել, թե ինչ են ուզում այդ մարդիկ, ինչ չափանիշներով են մտածում, բացի անձնական նեղ խնդիրները բարձրացնելուց: Դա բավական խորթ հանգամանք էր Քոչարյանի համար, քանի որ ղարաբաղցիները սովոր են ամեն ինչին նայել մասշտաբային, մի քիչ վերեւից: Նման մտածողությունը գալիս է այն ժամանակներից, երբ Ղարաբաղը մնացել էր միակ հայաբնակ տարածքը պետականության նշույլներով: Ղարաբաղցիներն ինքնուրույն շփումներ ունեին Իրանի, Ռուսաստանի, Եվրոպայի հետ, բավական ինտեգրվել էին համաշխարհային գործընթացներին, տալով երեւելի դեմքեր ռազմական, գիտության եւ այլ ոլորտներում:
Փոխարենը, Քոչարյանը Հայաստանում «հայտնաբերեց» սահմանափակ, դոգմաների ու առասպելների տակ կքած մի մտածողություն ու պահվածք, որը կամ պետք էր արմատախիլ անել, կամ օգտագործել: Քոչարյանն ընտրեց երկրորդ տարբերակը, այսինքն՝ «երեւանյան քաղաքական մշակույթը», որպես դերակատարներ ընտրելով մայլայի ներկայացուցիչներին, որոնք ի տարբերություն ինտելիգենցիայի, ավելի որակյալ՝ պարզ ու ռացիոնալ մտածողություն ու վարք ունեին: Նրանց վրա Քոչարյանը կառուցեց քրեա-օլիգարխիկ համակարգը, երկիրը բաժանեց նոր մայլաների՝ հստակ քվոտաներով ու պարտավորություններով, նրան ենթարկեցնելով քաղաքական դասն ու ԶԼՄ-ները:
Իսկ նրանց համար, ովքեր համարվում էին, որ դուրս են մայլայի ու ռաբիսի շրջանակներից, եւ ստանձնել էին հասարակական-քաղաքական որոշակի դերակատարություն, պետք էլ չէր որեւէ հատուկ դեր հորինել: Նրանք այդպես էլ չկարողացան ստեղծել որակապես այլ մտածողություն, պահվածքի ու գնահատականների այլ սանդղակ ու նորմ, դուրս գալ առասպելաբանության, բարդույթների եւ իրականության հետ աղերսներ չունեցող գնահատականների ճահճից, փոխարենն ապականելով ու փորձելով մեռցնել այն մտածողության ծիլերը, որոնք դուրս են «երկու ղարաբաղցիների» եւ «երեւանյան քաղաքական մշակույթի» շրջանակներից, որոնք աճելով՝ կարող էին էական փոփոխությունների հանգեցնել Հայաստանի հանրային կյանքում: «Երկու ղարաբաղցիներին» ուրիշ ի՞նչ է պետք:
Ահա, նման իրավիճակում, Քոչարյանը կարող է հանգիստ խոսել «երկու ղարաբաղցիների մրցակցության» մասին: Նա կարող էր հանգիստ խղճով նաեւ հայտարարել, որ «հայաստանածին ուժերն» ի զորու չեն ինքնուրույն որեւէ հարց լուծել՝ զուգարան բացելուց մինչեւ պետական նշանակության: Դրա համար նա բոլոր հիմքերն ունի, նկատի ունենալով «երեւանյան քաղաքական մշակույթի» էվոլյուցիան եւ ծանր հավերժությունը: