Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով: Եզրափակչում մադրիդցիները 2:0 հաշվով առավելության հասան «Սան-Լորենսոյի» նկատմամբ:

«Մենք գոհ ենք այս հաղթանակից: 2014-ը մեզ համար ֆանտաստիկ և անմոռաց ստացվեց: Հույս ունեմ, որ հաջորդ տարին նույնպես այսպիսին կլինի: Ես շատ երջանիկ եմ, քանի որ «Ռեալի» հետ առաջին մրցաշրջանում հաղթեցի Չեմպիոնների լիգան, իսկ այժմ էլ՝ Աշխարհի ակումբային առաջնությունը: Դա իսկապես այլ զգացողություն է:

Մենք ընտանիք ենք, որը միասին է պայքարում նպատակին հասնելու համար՝ անել հնարավորը, որ «Ռեալը» հաղթի: Մենք ֆանտաստիկ թիմ ենք, բայց մեզ չի կարելի համեմատել անցյալի թիմերի հետ: Ուրախ ենք, որ մտանք պատմության մեջ և ուզում ենք շարունակել առաջ շարժվել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը: