Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը դեմ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա հայտարարել է Tagesspiegel թերթին տված հարցազրույցում: «Վերջին հաշվով, ոչ Գերմանիան, ոչ էլ Եվրոպան չեն կարող շահագրգռված լինել այն հարցում, որ Ռուսաստանը մտնի տնտեսական քաոսի մեջ: Այդ պատժառով պատժամիջոցների խստացում պահանջելը սխալ կլինի»,-ասել է Գաբրիելը:

 

Փոխկանցլերը միաժամանակ նշել է, որ «այժմ, և ոչ միայն ԱՄՆ-ում, շատ են խիստ պատժամիջոցների կիրառման կողմնակիցները, ովքեր անգամ պահանջում են Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»: «Կարծես թե, այնտեղ քիչ չեն փոխադարձ սադրանքները: Այդ քննարկումներին պետք է վերջ տակ»,-ընդգծել է Գաբրիելը: Նրա խոսքերով, պատժամիջոցների նպատակը ոչ թե այն է, որ ՌԴ-ն ծնկի գա, այլ այն, որ Ռուսաստանը թեքվի դեպի Ուկրանական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունները:

 

«Մեզ լիցքաթափման նոր քաղաքականություն է անհրաժեշտ: Միաժամանակ, մենք ՌԴ-ի հետ նոր բանակցությունների կարիք ունենք, որոնց անցկացման ջատագովներից է արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմաիերը»,-նշել է Գերմանիայի փոխկանցլերը: