Հայաստանում հասարակական կազմակերպությունների հետ միասին իրականացվում է 100 փոքր ՀԷԿ-երի անձնագրավորում: «Փոքր ՀԷԿ-երում մենք ունենք լուրջ խնդիրներ' ջրի բնապահպանական թողքի, ձկնանցարանների հետ կապված. այս տարի սակավաջրության պատճառով խնդիրներ և չարաշահումներ էին առաջացել:

 

Անձնագրավորման գործընթացը թույլ է տալու տեսանելի դարձնել ՀԷԿ-երի բաց ու թույ լ կողմերը, և այն թե ինչ ձևով դրանք հնարավոր կլինի շտկել, ինչ գումարներ է անհրաժեշտ ներդնել, որպեսզի այդ ՀԵԿ-երը կարողանան լիարժեք աշխատել՝ բնական թողքերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' դեկտեմբերի 22-ին, տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

 

Նախարարի խոսքով՝ բնապահպանները հաճախ էին ահազանգում այդ խնդիրների վերաբերյալ, և Բնապահպանության նախարարության ուսումնասիրությունները պարզեցին, որ դրանք իրական էին: Փորձ կատարվեց որոշակիորեն լուծել խնդիրները, որոշ ՀԷԿ-երի սեփականաետերեր ենթարկվեցին տույժերի և տուգանքների: Նաև իրականացվեցին բացատրական աշխատանքներ, իսկ ներկա պահին իրականացվում են տեսչական ստուգումներ, և այն ՀԷԿ-երը, որոնք շտկումներ չեն իրականացնի՝ կենթարկվեն պատժամիջոցների:

 

Բնապահպանության նախարարը նաև հույս հայտնեց, որ մնացած ՀԷԿ-երը նույնպես կկարողանան նման կարգով սկսել աշխատել, ինչի շնորհիվ որոշակի ժամանակ հետո ՀԷԿ-երի հետ աշխատանքներում կարձանագրվեն լուրջ փոփոխություններ: