Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի գործով շարունակում են հարցաքննության կանչվել նախկինում կարևոր կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք: Այս անգամ ցուցմունք է տվել հանցագործության իրականացման ժամանակ Տրապիզոնի անվտանգության վարչության ղեկավար Ռեշաթ Ալթայը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

Ալթայը հարցաքննվել է «կասկածյալի» կարգավիճակով: Ցուցմունք տալու գործընթացը տևել է շուրջ 3 ժամ:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

 

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

 

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջալալեդդին Ջեռռահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:

 

2014 թվականի դեկտեմբերին Դինքի սպանության գործը քննող նոր դատախազ է նշանակվել: Այսուհետև հայ խմբագրի սպանության գործը քննելու է Ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բյուրոյի անդամ Գյոքալփ Քյոքչուն: Քյոքչուն դարձավ 6-րդ դատախազը, որը 2007 թվականի հունվարի 19-ին' Դինքի սպանությունից հետո կքննի հայ խմբագրապետի գործը: Ավելի վաղ այդ գործով զբաղվել էին Սելիմ Բերնա Ալթայը, Ֆիքրեթ Սեչենը, Ջիհան Քանսըզը, Մուամեր Աքքաշը և Յուսուֆ Հաքքը Դողանը: