ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այս մասին, «Կոմերսանտի» փոխանցմամբ' ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

 

Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ համաձայնագրին, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերի՝ կնքված Մաքսային միության շրջանակներում:

 

Մոսկվայում դեկտեմբերի 23-ի կեսօրին կմեկնարկի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտի մասին: 2014թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրն անցել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով: Կառույցը կսկսի լիարժեք գործել 2015թ. հունվարի 1-ից: