Հայաստանի կառավարությունն անցնող տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 31 դիրքորոշում (9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները): Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, այդ թվում չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության 15 դիրքորոշումները:

 

Եվրոպական դատարան ներկայացված դիրքորոշումների 17 նախագիծ մշակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և քրեական գործերով բաժնի, իսկ 14 նախագիծ՝ վարչության քրեական և վարչական գործերով բաժնի կողմից:

 

Նշված գանգատների առնչությամբ վարչության աշխատակիցներին հանձնարարվել է ուսումնասիրել գանգատներում բարձրացված հարցերին առնչվող ներպետական օրենսդրությունը և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Կատարված աշխատանքներն ամփոփվել և ներկայացվել են հաստատման' պահպանելով սահմանված բոլոր ժամկետները:

 

Վարչությունը նաև ներգրավված է եղել երեք առանձին գործերով բարեկամական կարգավորման միջոցով հարցի լուծման գործընթացին, որոնցով մշակել և հաստատման է ներկայացրել Եվրոպական դատարան ներկայացման համար անհրաժեշտ գրությունների նախագծերը: Նշված գործերից երկուսի վերաբերյալ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել համապատասխան գանգատները («Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» և «Թարխանյանն ընդդեմ Հայաստանի») հանել քննվող գործերի ցուցակից:

 

Եվրոպական դատարանից ստացվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված նաև 3 այլ գանգատներ, որոնց կապակցությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման ներկայացման համար Եվրոպական դատարանի կողմից սահմանված ժամկետներն ավարտվում են 2015 թվականի հունվարին: Նշված գանգատների առնչությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Տվյալ գործերով վարչության կողմից ապահովվել է տեղական իրավասու մարմինների հետ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը:

 

Բացի դրանից, հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարանից ստացվել են նաև Եվրոպայի խորհրդի այլ պետությունների դեմ ներկայացված երկու գանգատ, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությանն առաջարկվել է ներգրավվել որպես երրորդ կողմ: Երկու գործով էլ ՀՀ կառավարությունը հայտնել է երրորդ կողմ ներգրավվելու իր ցանկության մասին: