Քեսաբում մտահոգիչ որևէ դեպք տեղի չի ունեցել, սակայն ապահովության համար փոքրերին և տարեցներին տեղափոխել ենք Լաթաքիա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ բնակիչների մեծամասնությունը Քեսաբում է: Նրա խոսքով' 2 օր առաջ Թուրքիայի սահմանամերձ Սև աղբուր գյուղից լուրեր են հա սել Քեսաբ' թուրքական սահմանի վրա ինչ-որ շարժումներ նկատվելու մասին: «Ճշգրիտ որևէ տեղեկություն չկա, թե դրանք ինչ շարժումներ էին, պարզապես, անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանամերձ գյուղերի բնակիչները տեղափոխվել են ավելի ապահով վայրեր»,- նշեց Մանճիկյանը:

 

Նա տեղեկացրեց, որ Քեսաբը լավ է պաշտպանված կառավարական ուժերի կողմից: «Զինվորականների առումով մենք մեզ ապահով ենք զգում»,- հավելեց Մանճիկյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ոչ ոք չի կարող գուշակել' ինչ տեղի կունենա, պիտի շարունակեն վերականգնել Քեսաբը:

 

Մանճիկյանը նաև նշեց, որ Քեսաբի մերձակայքում՝ գյուղաքաղաքից 30-40 կմ հեռավորության վրա, ամենօրյա բախումներ են ընթանում, ինչը սովորական բնույթ է կրում: Հալեպի, Դեր Զորի նման բախումներ չեն ընթանում Քեսաբում: «Հուսանք, որ ալեկոծումը կմոռացվի և կգնա ու չի խանգարի ամանորյա տոներին»,- եզրափակեց Մանճիկյանը:

 

Քեսաբի շրջանի վրա այս տարի մարտի 21-ին հարձակում էր սկսվել' Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:Բնակչությունը գաղթել էր Լաթաքիա: Մի քանի ամիս մարտերից հետո սիրիական բանակը բնակավայրն ազատագրել էր հունիսի 15-ին, եւ բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները եւ բնակարաններն առանց բացառության վնասներ էին կրել, սակայն կես տարվա ընթացքում իրենց օրրանը վերադարձած հայերը կրկին կարողացել են շենացնել այն: