Օրենսդրական փոփոխությունների հիման վրա առաջիկայում Հայաստանում կադաստրի սպասարկման գրասենյակի կարգավիճակ կարող է տրամադրվել ինչպես առանձին իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պե տական կոմիտեի «Մարզերի միավորված» ստորաբաժանման բացման ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

 

Նրա խոսքով՝ որպես այլընտրանք, առաջիկայում նաև հնարավորություն կտրվի նոտարներին կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն: «Թույլ կտրվի նաև գործարքից հետո իրավունքների պետական գրանցման համար դիմում մուտքագրել կադաստրի համակարգ, ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը»,- ասաց Մարտին Սարգսյանը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում բացվեց նոր կազմավորված «Մարզերի միավորված» ստորաբաժանում, որում միավորվել են կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումները: