Վրացագետ Ալիկ Էրոյանցը վիրահայոց թեմին տրվող 1,25 մլն լարիի չափով փոխահատուցումը բավականին ոգևորիչ փաստ է համարում: Այս մասին վրացագետը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «4 կրոնական միավորումներին՝ Հայ Առաքելական , Հռոմեական-Կաթոլիկ եկեղեցիներին, իսլամական և հրեական համայքներին, ընդհանուր առմամբ փոխանցվել է 4,5 մլն լարի:

 

Տվյալ հանգամանքը բավական ոգևորիչ է հատկապես վիրահայոց թեմի համար, քանի որ շատ խնդիրներ կարելի է գոնե մասամբ լուծել նշված գումարով, որն, ըստ էության, փոքր չէ, և կազմում է մոտ 1,25 մլն լարի (670 հազար դոլար)»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' գրել է նա:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 24-ին հանդիպել Է հրեական եւ մուսուլմանական համայնքների, ինչպես նաեւ Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Կառավարության որոշման համաձայն՝ Վրաստանում վերոհիշյալ կրոնական միավորումներին ֆինանսական փոխհատուցում Է տրամադրվել «խորհրդային ամբողջատիրության շրջանում հասցված» բարոյանյութական վնասի համար»:

 

Այս տարվա հունվարի 27-ին Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել կյանքի կոչել «Վրաստանում գոյություն ունեցող կրոնական միավորումների հանդեպ մի քանի միջոցառումների իրականացումը խորհրդային միապետական համակարգի կողմից հասցված վնասի մասամբ վերականգնման ուղղությամբ» օրինագիծը: