Արարատի մարզպետարանի դահլիճում կայացավ մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը, որն անցկացվեց ընդլայնված կազմով: Նիստին հրավիրված էին մարզպետարանի բոլոր վարչությունների աշխատակիցները, 97 համայնքապետերը, զինկոմներ, այլք: Նիստը վարեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

 

Մարզի համայնքների 2014 թվականի 11 ամիսների բյուջեների եկամուտների կատարման մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը:

 

Մարզի համայնքային բյուջեներով, դեկտեմբերի 1-ի դրությամբ, փաստացի մուտք է եղել 5 մլրդ 40 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի է մուտքագրվել 385 մլն դրամ: Սեփական եկամուտների ծրագիրը կատարվել է 88,9 տոկոսով, հաշվետու ժամանակաշրջան ի նկատմամբ կատարողականը կազմել է 103,6 տոկոս:

 

Հողի հարկի գծով 90 տոկոսից ցածր կատարողական են ապահովել 22 համայնքներ, 95 տոկոսից բարձր' 74 համայնքներ: Գույքահարկի գծով 53 համայնքներ ապահովել են 100 տոկոս ծրագևային ցուցանիշը, ցածր արդյունք են գրանցել 44 համայնքներ: Եղիազարյանը, դիմելով համայնքապետերին, ասաց, որ ամեն տարի մարզի սեփական եկամուտների կատարողականը գերազանցել է 100 տոկոսը: «Հույս ունեմ,, որ համայնքապետերը չեն խախտի պատվաբեր ավանդույթը եւ մեկ շաբաթ անց տարին կամփոփեն բարձր ցուցանիշներով»,- նշեց նա:

 

Քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության, մարզին ՀՀ պետական բյուջեով եւ այլ միջոցներով տրամադրված ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը:

 

Նա ներկայացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ' մարզին հատկացվել է 682,5 մլն դրամ գումար' 37 շինարարական ծրագրերի համար, որոնց շրջանակներում նախատեսված է եղել իրականացնել 23 կրթական օբյեկտների հիմնանորոգման ծրագրեր' 330 մլն դրամի չափով, եւ 14 ճանապարհների հիմնանորոգման ծրագրեր' 352,5 մլն դրամի չափով: Շինարարական աշխատանքներ են իրականացվել նաեւ բարեգործների, Համաշխարհային բանկի, տարբեր ՀԿ-ների ներդրումների հաշվին:

 

Հանգամանալից զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը: Այս տարվա ընթացքում մարզում արտադրվել է 30 հազ. 492.2 տ հացահատիկ եւ հատիկաընդեղեն, 112 հազ. 170,7 տ խաղող, 70 հազ. 869 տ պտուղ, 340 հազ. 193.1 տ բանջարեղեն, 8 հազ.277.0 տ բոստանային կուլտուրաներ, 25 հազ. 781.7 տ կարտոֆիլ:

 

Նա նաեւ խոսեց մարզում անասունների հակահամաճարակային միջոցառումների եւ հիվանդությունների դեմ կատարած պայքարի, ՀՀ կառավարության տրամադրած պարարտանյութի, սերմացուի, ՋՕԸ-րի կատարած աշխատանքների, եւ ա յլնի մասին:

 

Ամփոփելով մարզխորհրդի նիստը' մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նշեց, որ զգալի են ձեռքբերումները, սակայն դրանցով պետք չէ բավարարվել, եւ 2015 թվականին համատեղ ուժերով էլ ավելի բարձր արդյունքներ կգրանցվեն:

 

Լիլիթ Մաճկալյան