ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ. Պողոսյանի կողմից խոշոր չափերով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ. Պողոսյանը, թաքցնելով 2012 թվականի մայիսին համակարգից ազատված լինելու հանգամանքը, չարաշահել է քաղաքացիների վստահությունը՝ հափշտակելով խոշոր չափերով գումարներ։

 

Նախաքննությամբ բացահայտվել է խարդախության 3 դրվագ. 2013 թվականի հունվար-փետրվարի ընթացքում Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Զադորկինին պատկանող 1300 քմ հողամասը, Սամոդուրովայի անվամբ սեփականաշնորհելուն աջակցելու պատրվակով, խաբեությամբ և ամուսիններ Տատյանա Սամոդուրովայի ու Վասիլի Նովիկովի վստահությունը չարաշահելու եղանակով վերջիններիցս շարունակաբար հափշտակել է խոշոր չափերով՝ 920.000 ՀՀ դրամ:

 

2013 թվականի մարտին Վանաձոր քաղաքի Լոռվա 1 հասցեում գտնվող Վանաձորի հաշվառման քննման բաժանմունքի շենքի մոտ, ուրիշի գույքին խաբեության եղանակով տիրանալու դիտավորությամբ, իր ծանոթի միջոցով ծանոթացել է Արմենի հետ, ում վստահություն ներշնչելու նպատակով ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից, ապա խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով, վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում աջակցելու խոստումով, նրանից հափշտակել է զգալի չափերով' 200.000 ՀՀ դրամ:

 

2013 թվականի մարտին Վանաձոր քաղաքի Լոռվա 1 հասցեում գտնվող Վանաձորի հաշվառման քննման բաժանմունքի շենքի մոտ, ուրիշի գույքին խաբեության եղանակով տիրանալու դիտավորությամբ, կրկին իր ծանոթի միջոցով ծանոթացել է Էդուարդի հետ, ում վստահություն ներշնչելու նպատակով ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից, ապա՝ խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով' վարորդական իրավունքի վկայական ստա-նալու հարցում աջակցելու խոստումով, նրանից հափշտակել է զգալի չափերով' 200.000 ՀՀ դրամ:

 

Նախաքննության ընթացքում 2013 հուլիսի 15-ին Հմայակ Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (2 դրվագ) ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նույն թվականի օգոստոսի 27-ին քրեական գործով վարույթը կասեցվել է' մեղադրյալ Հմայակ Պողոսյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով:

 

Հետախուզվող Հմայակ Պողոսյանը Ռուսաստանի Դաշնությունում կալանավորվել է և 2014 թվականի նոյեմբերի 7-ին տեղափոխվել Հայաստան: Նույն օրը քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է և Հ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել խոստովանական ցուցմունքներ:

 

2014 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն, քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հասատատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Հ. Պողոսյանը նախկինում աշխատել է ոստիկանության Վանաձորի հաշվառման և քննման բաժանմունքում' որպես տեսուչ, և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 2012 թվականի մայիսի 24-ին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման' 3 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ դատարանը կիրառել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է պատժի կրումից:

 

Նշված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի' ոստիկանության մայոր Հ. Պողոսյանը 2012 թվականի մայիսի 24-ին ազատվել է ՀՀ ոստիկանության համակարգից: