Տարին բովանդակալից էր ԼՂՀ կրթության ոլորտի համար, մի շարք ծրագրեր կյանքի են կոչվել, որոշներն էլ իրականություն կդառնան 2015թ.: Գնահատականի հեղինակը ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանն է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Karabah-open-ը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարարը շեշտել է, որ այս տարի նախադպրոցական մի շարք հաստատություններ են շահագործման հանձնվել: Մարտակերտի շրջանի Մոշաթաղ, Քաշաթաղի շրջանի Կովսական եւ Ասկերանի շրջանի Հարավ բնակավայրերում մանկապարտեզներ են կառուցվել:

 

«Առաջիկայում շահագործման կհանձնվեն Ստեփանակերտի Վաղարշյան փողոցում, եւ երկու այլ թաղամասերում կառուցվող մանկապարտեզների շենքերը»,- ընդգծեց նախարարը' հավելելով, որ նոր տարում կգործարկվեն նաեւ Հադրութի Տումի գյուղի եւ Մարտակերտի շրջանի Հարությունագոմերի մանկապարտեզները։

 

Այսպիսով, հանրապետությունում գործող 45 մանկապարտեզների ցանկին կավելանան նորերը։

«Արցախում այսօր մանկապարտեզ է հաճախում 3435 երեխա, իսկ 62 նախադպրոցական հիմնարկներում երեխաների թիվը կազմում է 1455: Սա նախորդ տարվա համեմատ 336-ով ավելի է»,- տեղեկացրեց նախարարը։

 

2014թ. հանրապետությունում վերակառուցվել են մի շարք դպրոցներ: Հանրակրթական վերակառուցված դպրոցների շարքը համալրել են Ստեփանակերտի թիվ 1, 6, Ասկերանի շրջանի Աստղաշենի, Քաշաթաղի շրջանի Արտաշավիի եւ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի դպրոցները։

 

Սլավա Ասրյանի խոսքով՝ 2015 թ. կավարտվեն Մարտունու շրջանի Նոր շենի, Հադրութի շրջանի Ազոխի, Ուխտաձորի, Քաշաթաղի շրջանի Կումայրիի, Միջնավանի դպրոցների շենքերի վերանորոգման աշխատանքները։