«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակի բոլոր աշխատակիցներին երեկ առավոտվանից հավաքել են տներից եւ ինչով պատահի հարցաքննության տարել Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հետաքննչական վարչություն: Հարցաքննության են տարվել անգամ գրասենյակի երկու հավաքարարները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է &la quo;Ազադլըգ» թերթը:

 

Թերթը գրում է, որ դատախազության աշխատակիցները ռադիոյի «Աշխատանքից հետո» ծրագրի հաղորդավար Քամրան Մահմուդովի նկատմամբ բռնություն են կիրառել: Նրան տանից դատախազություն են տարել գիշերանոցով եւ թույլ չեն տվել անգամ հագնել կոշիկները: Այս մասին թերթին հայտնել է նրա կինը' Լաթիֆան: Հարցաքննությունից հետո Meydan TV-ին տված հարցազրույցում Քամրան Մահմուդովն ասել է, որ քննիչն իրեն հարցեր է ուղղե'լ կապված հասարակական կազմակերպությունների վերաբերյալ բացված քրեական գործի եւ «Ազատություն» ռ/կ-ի հետ:

 

Ռադիոկայանի բոլոր աշխատակիցներն ազատ են արձակվել միայն քննության գաղտնիքը չբացահայտելու վերաբերյալ ստորագրություն տալուց հետո:

 

Ռադիոկայանի աշխատակիցների իրավունքների պաշտպանությունից հեռացվել է փաստաբան Յալչին Իմանովը: Գլխավոր դատախազի առաջին տեղակալի որոշմամբ Իմանովը գործում ներգրավվել է որպես վկա եւ այդ պատճառով էլ հեռացվել է պաշտպանությունից: «Այդ որոշումը ես անօրինական եմ համարում եւ գնահատում եմ որպես ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակիցներին առանց պաշտպանի թողնելու փորձ», -ասել է Իմանովը:

 

Փաստաբանը նշել է, որ «Ազատություն» ռ/կ-ում իրականացված խուզարկությունը որեւէ իրավաբանական կապ չունի հասարակական կազմակերպությունների դեմ բացված քրեական գործի հետ: