Հայկական գամփռ շնատեսակը տարեվերջին մեծ գնահատականի է արժանացել տարբեր մայրացամքներում: Այս մասին դեկտեմբերի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետ Գաբրիելյանը:

 

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած Շների միջազգային ցուցահանդեսի ժամանակ 10 հազար այցելուների առջև ներկայացվեցին թվով 12 հայկական գամփռներ: Իսկ նոյեմբերի 8 և 11-ին ԱՄՆ-ում երկու հայ գամփռները հազվագյուտ շների ցուցահանդեսի ժամանակ արժանացան Գրան պրի մրցանակին:

 

«Շատ մարդիկ ցուցահանդեսի ժամանակ մոտենում էին մեզ և հարցնում, թե արդյոք կարո՞ղ են գալ Հայաստան և անմիջապես այստեղից տանել գամփռիկներին: Գտնում եմ, որ ձագեր ձեռք բերելու համար Հայաստան գալն ավելի օգուտ կբերի մեր երկրին, քան ձագերի անմիջական ուղարկումը արտերկիր», - նկատեց Վիոլետ Գաբրիելյանը:

 

Հայաստանում միակ միջազգային կարգի փորձագետի աստիճան ունեցող կինոլոգը նշեց, որ եկել է ժամանակը, երբ մարդիկ հոգնել են արհեստական բուծած շներից և իրենց ուշադրությունը սկսում են սևեռել դեպի էնդեմիկ ցեղատեսակներ, որոնց շարքում է նաև մեր Հայկական լեռնաշխարհի գելխեղդը:

 

«Նրկա պահին Հայաստանում գործում են մի քանի բուծարան, որոնք ժամանակին առանց գրանցման էին գործում, ուղակի տետրում նշումներ կատարելով յուրաքանչյուր շան մասին, իսկ հիմա դրանք սկսում են դուրս գալ օրինական դաշտ: Նաև Ռուսաստանում մեր հայրենակիցներից մեկը բացել է հայկական գամփռի բուծարան, որտեղ բուծած յուրաքանչյուր շուն ստանալու է իր համապատասխան փաստաթուղթը: Այդպես մեր հայկական գամփռը հնարավորություն կստանա առավել լայն տարածվել աշխարհով մեկ», - նշեց Վիոլետ Գաբրիելյանը:

 

Կինոլոգիան Հայաստանում զարգացում ապրեց սկսած 1974 թ.: 1994 թ. կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանում առաջատարը կինոլոգիայում: 2010 թ. կազմակերպությունը հանդիսանում է Կինոլոգների միջազգային միության անդամ: