ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ամանորյա ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ուղերձում ասված է.

 

«Հարգելի գործընկերներ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ, հայրենակիցներ։

Անցնող տարին կարևոր էր պետության և ժողովրդի առջև մեր պարտավորությունները կատարելու, աշխատանքների արդյունավետության բարձրացման, ծրագրերի հստակ իրագործման, որակի բարելավման և զարգացման ժամանակակից ուղղություններով։

 

Այս առումով նոր՝ 2015 թվականը, ավելի լարված և պատասխանատու է լինելու։

Գալիք տարում մենք ժողովրդին ներկայանալու ենք մասնավորապես համապետական նշանակության երկու խոշորագույն ծրագրերի իրականացմամբ։ Ավարտվելու են հեռուստառադիոհեռարձակման թվայնացման աշխատանքները, դրանով դնելով այս ոլորտում ամբողջովին նոր, արդիական ժամանակաշրջանի սկիզբը՝ Հանրապետությունում ամբողջովին անցնելով թվային հեռարձակման։

 

2015 թվականը կարևոր փուլ է լինելու Հայաստանում ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկի՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության գործընթացում, որի արդյունքներն արդեն երևում են, և գալիք տարում դրանք նկատելի ծավալներ են ստանալու։

 

Ծավալուն աշխատանքներ են կատարվելու նաև Հանրապետության մյուս ավտոճանապարհների պահպանման և նորերի շահագործման ուղղությամբ, մասնավորապես՝ սահմանային ամենավտանգված հատվածներում, որոնց աշխատանքներին ականատես ենք եղել ընթացիկ տարում, և որոնք ամբողջացվելու են 2015 թվականին։

 

Մենք աշխատում ենք մի ասպարեզում, որը մեծ դեր ունի մեր ժողովրդի կյանքը բարելավելու, այն ժամանակակից և արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Գալիք տարում պատասխանատվությունը և պահանջները մեր աշխատանքների նկատմամբ ավելի են աճելու։

 

Նախարարության կողմից ամեն ինչ արվելու է պետության հատկացրած միջոցների ներդրման արդյունավետությունն առավելագույնս բարձրացնելու համար։

Հանրապետության ճանապարհների վիճակն ուղղակիորեն առնչվում է մեր ժողովրդի անվտանգության խնդիրների հետ։

 

Ճանապարհների որակի հետ կապված՝ արդեն իսկ մենք այնպես ենք աշխատում, որ հիմնանորոգման ենթարկված տեղամասերում հետագա շուրջ 10 տարիներին այլևս վերականգնման նոր ծախսեր չպահանջվեն։

 

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղուն, այն նախատեսված է տասնամյակների անխափան շահագործման համար և իր կառուցվածքային հիմնարար լուծումներով առաջինն է Հանրապետությունում։

Ելնելով կատարված աշխատանքներից և ընդունված իրատեսական ծրագրերից՝ վստահ եմ, որ գալիք տարում դրական, ծավալուն աշխատանքներն ավելի նկատելի կլինեն մեր ժողովրդին, արձանագրելով շոշափելի արդյունքներ և կարևոր էջ բացելով մեր հասարակական կյանքի և կենցաղի պայմանների բարելավման գործում։

 

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ։

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն և հաջողություններ Նոր տարում, առողջություն, բարեկեցություն, խաղաղ, ստեղծագործ գործունեություն, ապահովություն կյանքում և աշխատանքում, ձեր բոլոր ծրագրերի իրագործում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։