Անցնող օրն ամփոփ՝ ըստ  «Mediamall.am»  լրատվականի.













Հակառակորդին չհաջողվեց «դիպուկահարների պատերազմը» դիվերսիոն դաշտ տեղափոխել. Սեյրան Օհանյան

 

 

«Ավարտվող տարին հագեցած էր ո՛չ միայն վերջին երկու տասնամյակում նախադեպը չունեցող սահմանային լարվածությամբ, այլև բանակաշինության ձեռքբերումներով:

 

Չնայած չդադարող սադրանքներին' մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին զորքերի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության անվտանգության մակարդակի բարձրացման ասպարեզներում, առանձնակի ուշադրություն դարձվեց ուսումնամարտական նոր ու ավե լի բարդ խնդիրների կատարմանը, մարտական կիրառման շրջաններում զորավարժությունների անցկացմանը և հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը»: Սա հատված է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձից:

 

Օհանյանը կարեւորել է փաստը, որ շարունակվել են պաշտպանության ռազմավարական վերանայման, միջազգային ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման, նոր ռազմական տեխնիկայի ու սպառազինության ձեռքբերման, կապի համակարգի արդիականացման, առաջնագծի ինժեներական կահավորման բարելավման, ժամանակակից արգելափակոցների, ծուղակների և տեխնիկական միջոցների տեղադրման, հումանիտար ականազերծման, զինվորական ծառայությանը վերաբերող օրենսդրության լրամշակման աշխատանքները:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Բանակը յուրաքանչյուր հայի հույսն ու հավատն է. ՎՊ նախագահը ԼՂՀ-ում այցելել է զորամաս և նվերներ հանձնել

 

 

Դեկտեմբերի 28-ին ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նախաձեռնությամբ իրականացվող ավանդական բարեգործական ծրագրով նախատեսված նվերների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ՎՊ նախագահի նախաձեռնած բարեգործական ծրագրի հովանավորներն են ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանը և «Գրանդ հոլդինգի» հիմնադիր, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, ում գործը շարունակում են նրա որդիները՝ Կարեն և Միքայել Վարդանյանները:

 

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ որդու հետ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վարդան Բալայանը և այլ բարձրաստիճան սպաներ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Թող այս Նոր տարին ավելի լուսավորի մեր հոգին. Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը

 

 

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«ՀՀ Երկրապահ կամավորականների միության, եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում և միասնություն:

 

Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել մեզ սպասող մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերին:

Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ և վստահություն վաղվա օրվա հանդեպ:

 

Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք և հավատ սեփական ճակատագրի հարցում:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական հոսպիտալ

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 30-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ նախարարը հանդիպել է հիվանդներին, շնորհավորել նրանց ամանորյա եւ սուրբ ծննդյան տոների կապակցությամբ եւ նվերներ հանձնել:

 

 

***

 

 

Մենք հավատո՛ւմ ենք մեր ընթացքին. Վլադիմիր Գասպարյան

 

 

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

 

2014-ի տարեմուտը բնութագրական է նրանով, որ ոստիկանության արմատական բարեփոխման ոչ թե հերթական տարին, այլ եռամյակն ենք ամփոփում, ինչը նշանակում է որակական անցում ոստիկանական համակարգի պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի:

 

Մենք խնդիր էինք դրել նորացնել ամեն ինչ՝ սկսած ոստիկանության գաղափարախոսությունից մինչև ոստիկանի համազգեստ, հասնել մասնագիտական պատրաստականության, տեխնիկական հագեցման, անձնակազմի սոցիալական ապահովության նոր աստիճանի:

 

Եվ բարեփոխումների եռամյա պլանով նախատեսված խնդիրները կատարված են: Արվել է, թերևս, ամենակարևորը՝ ոստիկանության հետևողական քաղաքականության շնորհիվ աճել է հասարակության վստահությունը մեր հանդեպ, նաև՝ բարձրացել է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

Երևանի քաղաքապետարանն ամանորյա աջակցություն է ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ' ամանորյա տոներին ընդառաջ աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով շուրջ 23 հազար ընտանիքի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների աշխատակիցներն առաջին անհրաժեշտության մթերքներով պարենային փաթեթներ են տրամադրել բոլոր շահառուներին:

 

Պատասխանատուները վստահեցրել են, որ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ուղղվածության բոլոր ծրագրերը կլինեն շարունակական նաև 2015թ.-ին: