Իրաքի Մոսուլ քաղաքում սպանվել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) 12 աշխատակից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

 

Նշվում է, որ թուրք հետախույզներին սպանել են իրաքյան Քրդստանի բանակի զինծառայողները' փեշմերգաները' շփոթելով նրանց «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկների հետ: Այլ մանրամասներ չի հաղորդվում: Հայտնի չէ, թե ի՞նչ գործ ունեին թուրք հետախույզները Մոսուլում:

 

2013 թվականին ԻԼԻՊ-ը ներթափանցել է Սիրիայի տարածք: Հետո խմբավորումը հայտարարել է «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության կազմից իր դուրս գալու մասին: Այնուհետեւ ԻԼԻՊ-ը ջիհադ (սրբազան պատերազմ) է հայտարարել բոլոր իսլամիստական խմբավորումներին եւ Սիրիայի կառավարական զորքերին:

 

Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի ուժեղացումը հանգեցրել է նրան, որ այն կարողացել է վերադառնալ Իրաք' ռազմական գործողություններ սկսելով այդ երկրի կառավարական ուժերի դեմ:

 

Այս տարվա հունիսի վերջին ԻԼԻՊ-ը հայտարարել է Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներում «Իսլամական պետություն' խալիֆայություն» ստեղծելու մասին: Իրաքի իշխանությունները դիմել են միջազգային հանրակցությանը' այդ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում իրենց օգնելու խնդրանքով: