Հակասական եւ զավեշտալի հայտարարություններով հայտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այս տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց դառնալ «տարվա մարդ», սակայն, Time հանդեսն, այդուհանդերձ, նրան ընտրել է «տարվա գրաքննիչ»: Twitter-ում իր գրաքննության ձեռնարկումներով Էրդողանը տեղ է զբաղեցրել Time-ի ցուցակի առաջին տասնյակում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տարվա ընթացքում սոցիալական մամուլում աղմուկ հանած թեմաների 10 հոդվածանոց' Top 10 hashtags that started a conversation ցուցակում 8-րդ տեղում Time-ը տեղադրել է #TwitterisBlockedinTurkey («Թուրքիայում խոչընդոտվել է Twitter»-ը) վերնագիրը:

 

Այստեղ նշվում է, որ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը, ով գրաքննություն էր սահմանել Twitter-ի նկատմամբ, իր եւ կառավարության նկատմամբ ապօրինությունների վերաբերյալ պնդումներից հետո մարտին հետ կանգնեց Twitter-ը խոչընդոտելու ձեռնարկումներից:

 

Time-ը մեջբերել է Էրդողանի հետեւյալ խոսքը. «Ես դա չեմ արել միջազգային հանրության հակազդեցության տակ: Բոլորը կտեսնեն, թե ինչքան հզոր է Թուրքիայի Հանրապետությունը»:

 

Time նաեւ նշել է, որ Twitter-ի նկատմամբ արգելքը վերացրել է այն ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով նման գրաքննությունն անընդունելի էր համարել: «Արդյունքում, Twitter-ի արգելքը Թուրքիայում վերացվեց այդ երկրի Սահմանադրական դատարանի որոշմամբ, որն այդ մասին ընդունած վճռում նշել է, որ այն «ոտնահարում է արտահայտվելու ազատությունը»,-նշել է Time-ը:

 

Ըստ թուրքական մամուլի' անցնող տարվա ընթացքում Էրդողանը հանդես է եկել հետեւյալ հակասական եւ զավեշտալի հայտարություններով' «թուրքերենով գիտություն եւ փիլիսոփայություն չեք ստեղծի», «տղամարդիկ եւ կանայք չեն կարող հավասար իրավունքներ ունենալ», «ալկոհոլ խմող յուրաքանչյուրը հարբեցող է», «ծնելիության վերահսկողությունը դավաճանություն է», «աբորտը հանցագործություն է»,եւ ամենածիծաղելին' «Ամերիկան հայտնաբերել է ոչ թե Կոլումբոսը, այլ' թուրքերը»: