Հունվարի 6-ին' մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում' Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:

 

Հրաշափառ Ս. Ծննդյան պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց եկ եղեցականաց դասին և աշխարհասփյուռ հայ ժողովրդին և տոնի առիթով ամենքին հղեց իր հայրապետական պատգամը:

 

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

 

Շարականագրի աղոթամատույց այս օրհներգով բերում ենք ձեզ մեր Տիրոջ և Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության սքանչելի ավետիսը:
Երկնային բարձունքներում Ամենակալ Հորն աթոռակից և հրեշտակներից սպասավորյալ Աստծո Որդին մարմնացավ և աշխարհ եկավ, որպեսզի ընդունենք փրկության հույսն ու շնորհը և միշտ նորոգվող կյանքը, որ Փրկիչ մեր Տերն է պարգևում: Բեթղեհեմում ծնված Մանուկը նոր սիրտ ու հոգի է բերում աշխարհին' ճանաչելու Աստծո սերը մարդկանց հանդեպ և այն դարձնելու արդարություն, խաղաղություն ու սեր միմյանց հանդեպ: Բերում է զորությունը' փարատելու անհուսության խավարները և երկրի վրա հաստատելու սիրով լի այն կյանքը, որն ունի հավիտենական կյանքի ավետիսը:

 

Սուրբ Ծննդյան ավետարանական պատումը մարդկության կյանքում Աստծո ներկայության մեծ խորհուրդն է պատկերում: Բեղթեհեմի քարայրը նախատիպն է Սուրբ Եկեղեցու, հասարակ հովիվները և իմաստուն մոգերը աստվածպաշտության համար մեկտեղված հավատացյալներն են, իսկ մատուցված ընծաները' առ Աստված հավատքով ապրված բարի ու երկնահաճո կյանքն ու գործերը: Բեթղեհեմյան երկնակամարում Տիրոջ փառքի ծագումը, և լուսափայլ հրեշտակների հն չեցրած պատգամը երկնային հրավերն է աշխարհին' խաղաղության ու մարդկանց մեջ սիրո և հաճության, որոնց այսօր էլ փափագում է նեղություններով ու մարտահրավերներով բեռնավորված աստվածաստեղծ օրրանը մարդկության:

 

Նյութատեխնիկական մեծ ձեռքբերումներ արձանագրած, գիտական բարձունքներ նվաճած ներկա աշխարհում չեն դադարում կյանքի խաղաղությունն ու բարօրությունը խաթարող տագնապներն ու ցնցումները: Քաղաքական հակամարտությունները, ռազմական բախումները, խորացող ֆինանսական, տնտեսական ճգնաժամերը բերում են ավեր, վիշտ ու տառապանք, կարիքի և անապահովության նոր խնդիրներ: Մարդկային ըմբռնումներում խեղաթյուրվում են աստվածադիր հիմնարար սկզբունքները' մարդը չի ընկալվում որպես Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված, կյանքը' որպես երկնաշնորհ գերագույն պարգև և մերձավորի հանդեպ սերը' որպես աստվածնմանություն: Այս իրավիճակները և մտածողության այսպիսի աղավաղումները հեռացնում են մարդուն հոգևորից, առաջնորդելով աստվածամերժ ընթացքների' մարդու և ազգերի իրավունքների ոտնահարման, ընտանիքի գաղափարի, բարոյական արժեքների աղճատման:


Հակառակ Աստվածային կամքին մարդու հակոտնյա ընթացքների' մարդեղության մեծ խորհրդով Տերը ցույց տվեց, որ Իր անսահման սիրո ու խնամքի մեջ է աստվածաստեղծ մարդը, և երկրային գոյությունը բաժանված չէ հավիտենությունից, իսկ մարդկության պատմությունը' Աստծո ներկայությունից: «Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում' մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20),-ասում է Փրկիչ մեր Տերը: Մարդկային կյանքում Փրկչի մշտական ներկայությունը նոր իմաստ է պարգևում, բարձր ու վեհ բովանդակություն հաղորդում մարդու և աշխարհի ընկալմանը' բերելով մարդկանց Աստծո ժողովուրդ լինելու գիտակցությունն ու պատասխանատվությունը և հրավերը' մնալու և հարատևելու «սիրեցեք միմյանց» Տիրոջ նոր պատվիրանի մեջ (Յովհ. ԺԳ 34): Մերձավորի հանդեպ սերը վեհացնում և արժևորում է մարդուն և նրա գործերը, պահում աստվածնմանության շնորհի մեջ և հանրության կյանքը հաստատում բարու մեջ:

 

Միմյանց հանդեպ սիրով առաջնորդվող հասարակությունը կարող է բխեցնել կյանքը ոռոգող հոգևոր ներուժի անսպառ աղբյուրներ, լինել ճշմարտապես արդարամիտ և իրավադատ, կարեկից ու ողորմած: Տերունապատվեր այս ուղիով մարդկությունը կարող է ձերբազատվել աղետաբեր իրավիճակներից և հոգսերից, դիմակայել նեղություններին, արդարությամբ հարթել հակառակությունները և համերաշխ գոյակցությամբ կերտել նոր օրը մարդկության կյանքի:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան օրհներգին ու փառաբանությանն այսօր միախառնվում են մեր սրտաբուխ աղոթքները հանուն Հայոց Ցեղասպանության մեր անմեղ նահատակների, ովքեր չուրացան Փրկչին, իրենց ինքնությունն ու սուրբ հավատքը: Եղեռնի դառնաղետ տարիների ամենադաժան փորձությանց մեջ անգամ չլռեց Փրկչին ուղղված մեր ժողովրդի հոգու օրհներգը: Մեր Տիրոջ հետ գտանք ոգին և ուժը վերածննդի, պետականություն կերտեցինք, ազգային մեր կյանքը բարձրացրեցինք, մեր իրավունքների համար պայքարեցինք հավատով, որ արդարության և ճշմարտության ուղիները պիտի կերտեն բռնությունից զերծ, մարդասեր ու խաղաղ աշխարհ:

 

Հայոց Ցեղասպանության ոճրից 100 տարի անց նույն հավատով ու վստահությամբ շարունակում ենք մեր պայքարը' հանուն մեր արդար դատի, մեր խաղաղ կյանքի' չդադարող շրջափակման և պատերազմի վերսկսման պայմաններում: Այսօր մեր կյանքում առկա բազմաթիվ հրամայականների ու խնդիրների առջև, սիրելիներ, առավել ջանք ու նվիրում ներդնենք, հանձն առնենք հայրենաշեն ու ազգաշեն ծրագրեր ու գործեր' ի սեր մեր ժողովրդի բարօրության, մեր երկրի հզորացման, մեր իղձերի իրականացման: Մեր կյանքը ապրենք հայրենյաց ավանդներով, հավատարիմ քրիստոնեական մեր արժեքներին, նյութապաշտությանը դիմակայելով աստվածպաշտությամբ, շահամոլության դեմ դնելով Տիրոջ կողմից գովաբանված ողորմությունը (Մատթ. Ե 7), ուժի և ստիպողականության փոխարեն' քրիստոսապատվեր սերը (Յովհ. ԺԳ 34-35), եսասիրության և շահագործման փոխարեն' բարի սամարացու նման կարիքավորին օգնելը (Ղուկ. Ժ 30-37), եղբայրատյացության փոխարեն' առաքյալի հորդորած եղբայրսիրությունը (Հռոմ. ԺԲ 10) և մեր մեծերի օրինակով' «ես»-ի փոխարեն' «ազգ»-ը: Բարգավաճենք և զորանանք ընտանիքներում նոր զավակների ծնունդով, ազգանվիրումի, հայրենասիրության նոր վկայություններով' մեր ազատ երկրից, Սփյուռքի եզերքներից, վերականգնված և նորակառույց մեր եկեղեցիներից, հանուր հայ կյանքից երկինք բարձրացնելով մեր հայրերի օրհներգը. «զՔեզ ընդ զօրս անմարմնոցն անդադար օրհնաբանեմք»:

 

Սուրբ Ծննդյան խնդագին ավետիսով ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին' Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին և մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին' մաղթելով Տիրոջ զորակցությունն իրենց առաքելությանը' ի զորացում մեր ժողովրդի հոգևոր կյանքի և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու:
Ողջույն ենք հղում մեր Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին' Փրկչի ամենառատ շնորհները հայցելով իրենց և իրենց հավատավոր հոտին:

 

Հայրապետական օրհնությամբ Մեր բարեմաղթանքներն ու ողջույնն ենք բերում Պատարագի սրբազան արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և Առաջին տիկն ոջը, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն' աղոթքով, որ Տիրոջ օրհնությամբ արգասավորվեն մեր երկրի և ժողովրդի խաղաղությանն ու բարօրությանը և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված նրանց ջանքերը:
Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին' մաղթելով արգասաբեր գործունեություն' ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության և համագործակցության և տարածաշրջանում կայունության և խա ղաղության ամրապնդման:
Սուրբ Ծննդյան ողջունաբեր ավետիսով Հայրապետական Մեր օրհությունն ենք բերում համայն մեր ժողովրդին' մաղթանքով, որ ջերմ սիրով սրտում պահպանի Տիրոջն ուղղված օրհներգը և մնա Բարձրյալի ամենախնամ Աջի հովանու ներքո, հավատարիմ' վերազարթոնքի իր տեսիլքներին և լավատես, որ երկնային արդարության լույսով պիտի բացվի իր հանդեպ արդարությունը վերականգնելու օրհնյալ օրը:
Աղոթք ենք բարձրացնում, որ Փրկիչ մեր Տիրոջ շնորհները սփռվեն մարդկանց սրտերում' խաղաղություն, համերաշխություն, ապահով առաջընթաց բերելով աշխարհին: Թող մարդեղացյալ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ամեն ժամ օրհնի և առաջնորդի մեր կյանքը, խաղաղ, հավատքով ամուր, սիրով ու միասնական պահպանի մեր ժողովրդին' այսօր և միշտ փառաբանելու Իր Սուրբ Անունը' Հոր և Սուրբ Հոգու հետ. ամեն:

 

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

 

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց նաև Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ռուսաստանաբնակ ազգային բարերար Սամվել Կարապետյանը:
Ս. Պատարագից հետո «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որտեղ Վեհափառ Հայրապետը ներկաներին վերստին փոխանցեց Տիրոջ Ս. Ծննդյան հրեշտակաբարբառ ավետիսը: