«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.












Կրկին երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

 

 

Հունվարի 8-ին, ժամը 03.42-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.02-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 4-5 բալ:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.350 և արևելյան երկայնության 45.960:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ 5 բալ, Կապան և Սիսիան քաղաքներում' 3-4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ 4 բալ, Կապան և Սիսիան քաղաքներում' 2-3 բալ ուժգնությամբ:

 

 

***

 

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ

 

 

Հունվարի 8-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով սահել, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Զ. Ա.-ի «ՈւԱԶ» մակնիշի 02 SU 564 ավտոմեքենան:

 

 

***

 

 

Հաստատվել է Charlie Hebdо խմբագրության վրա հարձակում գործած ահաբեկիչների ինքնությունը

 

 

Փարիզի Charlie Hebdo թերթի խմբագրության վրա երեկ իրականացված ահաբեկչության համար կասկածվող երեք տղամարդկանց ինքնությունը հաստատվել է: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ հղում անելով Libération թերթին:

 

Բացի այդ, ըստ հրապարակման, ֆրանսիական իրավապահ մարմիններում տեղյակ են հանցագործների գտնվելու վայրի մասին:

Պարբերականի տվյալներով՝ խոսքը վերաբերում է եղբայրներ Սաիդ և Շերիֆ Քաշիներին, ինչպես նաև Համիդ Մուրադին:

 

Ֆրանսիայի ոստիկանությունն արդեն հրապարակել է երկու եղբայրների լուսանկարները՝ վկաներից կասկածյալների մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Եղբայրներին ձերբակալելու օրդեր է տրվել:

 

 

***

 

 

ԼՂՀ ՊԲ-ը հերքում է ադրբեջանական բնակավայրերի գնդակոծման տեղեկությունները

 

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետից /7 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԳՊ-25 /2 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

 

Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան ուժերի կողմից ադրբեջանական խաղաղ բնակավայրերի գնդակոծումների մասին վերջին շրջանում համացանցում հայտնված տեղեկություններին, ապա դրանք ոչ այլ ինչ են, քան հերթական ապատեղեկատվություն: Արցախի զինված ուժերը խիստ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն թիրախային հարվածներ են հասցնում հակառակորդի առաջնագծի դիրքերին՝ նպատակ ունենալով ճնշել վերջին նախահարձակ ու սանձարձակ գործողությունները:

 

Խաղաղ բնակավայրերը պաշտպանության բանակի համար երբևէ չեն եղել հարվածի թիրախ: Հիշեցնենք, որ տվյալ վարքագիծը եղել ու մնում է ադրբեջանական զինուժի «մենաշնորհը», ինչի ապացույցն են հայ-ադրբեջանական սահմանահատվածին գտնվող հայկական բնակավայրերի վրա հակառակորդի կողմից պարբերաբար իրականացված և իրականացվող գնդակոծություններն ու արկակոծությունները:

 

 

 

***

 

 

Ուշադրություն. որոնվում է

 

 

2015 թ. հունվարի 2-ին, ժամը 12. 00-ի սահմաններում, 1936 թ. ծնված Հովհաննես Բալաբեկի Ղազարյանը դուրս է եկել տանից՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 4/1 շենքի 17 բնակարանից և այլևս չի վերադարձել։

 


Արտաքին տվյալներն են. հասակը մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, սպիտակ, կարճ մազերով, սև աչքերով։
Ձախ կամ աջ դաստակի վրա առկա է «1936» դաջվածքը:

Հովհաննես Ղազարյանը տառապում է սկրելոզ հիվանդությամբ:

 

Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

 

 

***

 

 

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավարին

 

 

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ։

 

«Հարգարժան պարոն Ռոշբլուան,
Արցախում ցնցված են «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության դեմ ահաբեկչության լուրից: Իմ և Ազգային ժողովի գործընկերներիս անունից ընդունեք մեր ժողովրդի անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

 

Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավը, քաղաքակիրթ աշխարհի զայրույթը և պատրաստ ենք ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ միջազգային համախմբվածությանը բերել մեր երկրի մասնակցությունը, երկիր, որի ժողովուրդը նույնպես բախվել է պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության փորձերին։

 

Եվս մեկ անգամ ընդունեք մեր վշտակցությունը և հավաստիացումը, որ ինքնիշխան Արցախը հանուն համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է», -ասված է ԼՂՀ ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում։

 

 

***

 

 

Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել

 

 

Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

 

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքները, քննարկվել են ձմեռային ուսումնական փուլի ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև մեկնարկած ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման միջոցառումներին:

 

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հաշվետու զեկույց է ներկայացրել Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին գրանցված միջադեպերի, հակառակորդի սանձազերծած սադրիչ գործողությունների և դրանց ի պատասխան ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

 

Հաշվի առնելով եղանակային պայմանների վատթարացումը' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմանների ապահովման, անձնակազմի հիվանդացության և ցրտահարության դեպքերի բացառման, զինվորների' հատկապես նորակոչիկների առողջական գանգատներին լրջորեն արձագանքելու վրա:

 

Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

 

 

***

 

 

Վատառողջ երեխային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շտապ օգնության մեքենան արգելափակվել է

 

 

Հունվարի 8-ին՝ ժամը 11.48-ին, ահազանգ է ստացվել, որ առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է Արագածոտնի մարզի Ճարճակիս (Դերեկ) գյուղի ճանապարհին. վատառողջ երեխային հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ա. Շ.-ին (ծնվ. 201 0թ.) մոտեցրել են շտապօգնության 2-րդ ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել շտապօգնության ավտոմեքենան:

 

Տուժածը տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: