Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակման մեջ կասկածվող ահաբեկիչները' Շերիֆ և Սաիդ Կուաշի եղբայրները, Փարիզից 50 կմ դեպի հյուսիս գտնվող Դամարտեն-ան-Գոել արվարձանում պատանդներ են վերցրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է «Ֆրանս Պրես»-ը: Պատանդների թվի մասին տվյալներ չեն հաղորդվում:

 

Ավելի վաղ ոստիկանությունը շրջափակման մեջ էր առել ահաբեկչության մեջ կասկածվողներին, որոնք մեքենա էին գողացել: Մեքենայի ղեկին գտնվող կինը ճանաչել էր Կուաշի եղբայրներին, որից հետո ոստիկանները հետապնդել էին չարագործներին:

 

Չորեքշաբթի առավոտյան Charlie Hebdo-ի խմբագրության վրա կատարված հարձակման հետևանքով տասներկու մարդ է մահացել' այդ թվում 10 լրագրող և երկու ոստիկան, ևս 11 մարդ վիրավորվել է: Ահաբեկիչներին հաջողվել է փախուստի դիմել և թաքնվել: Այս ահաբեկչությունը զոհերի թվով ամենամեծն է Ֆրանսիայի պատմության վերջին հիսուն տարում: