«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեսախցիկներ են տեղադրվում: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:

Նա նշեց, որ 4 ուղեփակոցների մոտ տեղադրվել է 14 տեսախցիկ, նպատակը' մուտքերը եւ ելքերը վերահսկելն է, որոսագողության հնարավոր դեպքերը կանխելը: Խոսրովի անտառում տեսախցիկներ տեղադրելու գումարը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ տեսախցիկների տեղադրումը նախատեսվում է ավարտվել առաջիկա օրերին:

Ի դեպ, տեսախցիկներից բացի' Խոսրովում ստեղծվել է նաեւ հատուկ ջոկատ, որը, մամուլի քարտուղարի հավաստմամբ, 24 ժամ հսկում է Խոսրովի տարածքը եւ իրականացնում հերթապահություն: Մոտ ապագայում նախատեսվում է նաեւ GPS-ների տեղադրում:

Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնը թափուր է, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Հովակիմյանը մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով կընտրվի տնօրեն: