Մոսկվայում համարում են, որ միջազգային վարկանիշային Fitch գործակալության կողմից ՌԴ վարկանիշի իջեցումը պայմանավորված էր քաղաքականությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Fitch-ի հաղորդագրությունը մեկնաբանելով՝ ՌԴ կառավարության փորձագետը այն անվանել է «քաղաքականությամբ պայմանավորված, ոչ գործընկերային, տնտ եսապես բացարձակորեն չհիմնավորված»։

 

Fitch-ն ուրբաթ ՌԴ արտերկրի և ազգային արժույթով երկարաժամկետ սուվերեն վարկանիշները նվազեցրել էր մեկ աստիճանով՝ «BBB»-ից մինչև «BBB-»՝ «վատատեսական» կանխատեսումով։ Արտերկրի արտարժույթով կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «F3» մակարդակում, իսկ վարկանիշային վերին «նշաձողերն» իջեցվել են «BBB»-ից մինչև «BBB-»։

 

«BBB-»-ն ամենացածրն է այն կատեգորիայում, որը ներդրողներները համարում են «ներդրումային»։ Fitch-ի մեթոդոլոգիայում հաջորդ՝ «ВВ+» աստիճանը վերաբերուոմ է «սպեկուլյատիվ» մակարդակին։

 

Վարկանիշային գործակալության հաղորդագրությունում նշվում է, որ ՌԴ վարկանիշի նվազեցումը պայմանավորված է 2014թ. կեսի համեմատ ՌԴ տնտեսության զարգացման հեռանկարների կտրուկ վատթարացումով՝ նավթի գների անկման, ռուբլու փոխարժեքի նվազման և տոկոսադրույքների աճի ֆոնին։ «Արևմուտքի պատժամիջոցները, որոնք առաջին անգամ կիրառվեցին 2014թ. մարտին, շարունակում են ճնշում գործադրել տնտեսության վրա, արգելափակելով ռուսաստանյան ընկերությունների և բանկերի հասանելիությունը կապիտալի արտաքին շուկային»,- նշում է գործակալությունը։

 

Fitch-ի մասնագետները կանխատեսում են, որ 2015թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 4 տոկոսով, այն դեպքում, երբ նախկինում ենթադրվում էր, որ նվազումը կկազմի ընդամենը 1.5 տոկոս։ ՌԴ տնտեսության աճը կվերսկսվի ոչ շուտ, քան 2017 թվականին, իսկ ընթացիկ տարի գնաճը կկազմի 8.5 տոկոս։

 

Ինչ վերաբերում է այլ գործակալությունների կողմից ՌԴ-ի վարկանիշավորմանը, ապա Standard & Poor's-ի պարագայում այն շարունակում է մնալ «BBB-»՝ վատատեսական կանխատեսումով, իսկ Moody's –ի պարագայում՝ «Ваа2»՝ նույն կանխատեսումով։