Ֆրանսիայի ուժային կառույցները ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Փարիզում առաջիկա կիրակի կայանալիք սգո երթի անվտանգությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ազգային ոստիկանության ղեկավար Ժան-Մարկ Ֆալկոնը։

 

«Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցներն սգո երթին մասնակցող մարդկանց անվտանգությունը ապահովելու համար»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Ֆալկոնը «Եվրոպա 1» ռադիոկայանի եթերում։

 

Բացի այդ՝ հայտնի են դարձել ահաբեկիչների հետ կապված նոր մանրամասներ։

 

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը հայտնել է, որ Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրներին վերացնելուց հետո Փարիզի արվարձանում իրավապահ մարմինները գտել են ռազմական զինանոց. մոտ մեկ տասնյակ ավտոմատներ, ձեռքի նռնակներ և «մոլոտովի» կոկտեյլներ։

 

Ավելի վաղ՝ Ֆրանսիայի Նախագահը կոչ էր արել ֆրանսիացիներին մասնակցել հունվարի 11-ին Փարիզում կայանալիք համապետական երթին, որն անցկացվելու է ի նշան բողոքի իսլամիստ-ծայրահեղականների գործողությունների։ Երթին ծրագրում են մասնակցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը, Եվրամիության առաջնորդներ Ժան-Կլոդ Յունկերը, Մարտին Շուլցը, Ֆեդերիկա Մոգերինին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

 

Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների արդյունքում վերջին երեք օրերին մահացել է 17 մարդ. Charlie Hebdo ամսագրի 10 աշխատակից, հրեական խանութի 4 պատանդները և 3 ոստիկան։ Ահաբեկիչներին հաջողվել է փախուստի դիմել և թաքնվել: Ավելի ուշ ոստիկանությունը շրջափակման մեջ էր առել ահաբեկչության մեջ կասկածվողներին, որոնք մեքենա էին գողացել: Մեքենայի ղեկին գտնվող կինը ճան աչել էր Կուաշի եղբայրներին, որից հետո ոստիկանները հետապնդել էին չարագործներին: Ֆրանսիական հատուկ ջոկատայինները կարողացել են շրջափակել ահաբեկիչներին Փարիզից 50 կմ դեպի հյուսիս գտնվող Դամարտեն­ ան ­Գոել արվարձանի արդյունաբերական մասում, որը գտնվում է Շարլ դը Գոլի օդանավակայանից մի քանի կիլոմենտր հեռավորության վրա: Այս ահաբեկչությունը զոհերի թվով ամենամեծն է Ֆրանսիայի պատմության վերջին հիսուն տարում: