Թուրք լրագրող Բալչիչեք Իլթերը խոսել է բանտարկված պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի հետ' անդրադառնալով տարատեսակ հարցերի վերաբերյալ Նիշանյանի տեսակետին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk պարբերականը:

 

59-ամյա Նիշանյանը լրագրողին հայտնել է, որ չի վախենում մահից և իր կյանքում արել է հնարավոր ամեն լավ բան: Նա որպես իր կյանքի մեծագույն ստեղծագործություն նշել է իր երեխաներին' ցավ հայտնելով միայն, որ հինգ երեխայի փոխարեն կցանկանար ունենալ տասին:

 

Լրագրողը փորձել է հասկանալ, թե արդյոք Նիշանյանին չի՞ վախեցնում վեց ու կես տարի ազատազրկման մեջ լինելու միտքը, ինչին ի պատասխան պոլսահայ մտավորականը նշել է, որ իր բանտարկությունը կարող է ավելի երկար տևել, ինչը, բնականաբար, վախեցնող է: Նա ամոթալի է անվանել իր' բանտում լինելու փաստը այն դեպքում, երբ դրան արժանի որևէ հանցանք չի գործել:

 

Նա պատմել է, որ բանտում թուրքական լեզվի պատմության մասին գիրք է գրում, ազատ ժամանակը լրացնում է ֆիլմեր դիտելով կամ դասական երաժշտություն լսելով:

 

Անդրադառնալով վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայազգի Էթյեն Մահչուպյանի նշանակմանը' Նիշանյանը չափազանց կարևորել է այդ երևույթը…Նա նշում է, որ եթե նախկինում թուրքական հասարակությունը խստորեն դեմ էր արտահայտվում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններին, ապա այժմ ասում է. «Երանի չլինեին»: «Այս անգամ էլ մեղավորն անմիջապես գտնվեց, մեղքը բարդվեց «Իթթիհաթ վե թերաքի»-ի վրա, հանգստացանք: Սակայն «Իթթիհաթ վե թերաքի»-ն նույնն է, ինչ Թուրքիան»,- նշել է Նիշանյանը: