Հայաստանում երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները բացահայտելու նպատակով անցկացվել է հետազոտություն, համաձայն որի ՀՀ-ում երիտասարդների միայն 28 տոկոսն է զբաղված: Դրամական կամ ոչ դրամական եկամուտ բերող գործունեություն չունի հարցվածների 72 տոկոսը:

 

Այս խմբից 24 տոկոսը գտնվում է ուսումնական գործընթացում, 48 տոկոսը չունի աշխատանք և չի գտնվում ուսումնական գործընթացում, նրանք փաստացի գործազուրկներ են, բայց չեն դասվում գործազուրկների շարքը, քանի որ աշխատանք չեն փնտրել հարցման պահին, իսկ ՀՀ պետական սահմանման համաձայն՝ գործազուրկ են այն երիտասարդները, ովքեր չունեն աշխատանք, չեն գտնվում ուսումնական գործընթացում և փնտրում են աշխատանք: Այդպիսիք են հարցվածների 20 տոկոսը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հետազոտության համաձայն 16­-20 տարիքային խմբում զբաղված է հարցվածների 16 տոկոսը, 21­-25 խմբում՝ 33 տոկոսը, իսկ 26­-30 տարեկանների խմբում՝ 34 տոկոսը: Սա նշանակում է զբաղված երիտասարդների թվի ավելացում տարիքային աճին զուգահեռ: Զբաղված է երևանաբնակ երիտասարդների 32 տոկոսը, իսկ մարզաբնակների' 26 տոկոսը: Հաշվի է առնվել, որ մարզաբնակ զբաղված երիտասարդների մոտ 19 տոկոսը զբաղված է սեփական հողատարածքի մշակմամբ և որպես վարձատրություն կարող է ստանալ բնամթերք:

 

Գյուղատնտեսությանը հաջորդում է առևտրի ոլորտը, որում ներգրավված է հարցվածների 14 տոկոսը, 11 տոկոսը՝ պետական մարմիններում, 9 տոկոսը՝ կրթության, գիտության, 7 տոկոսը՝ առողջապահության, 7 տոկոսը՝ արվեստի, մշակույթի, սպորտի, 6 տոկոսը՝ ուժային կառույցներում, 5-ական տոկոս ծառայությունների, շինարարության, սպասարկման, ֆինանսական ոլորտներում, հարցվածների միայն 3 տոկոսն է զբաղված ՏՏ ոլորտում:

 

Աշխատանք ունեցող երիտասարդների 20 տոկոսը չգրանցված, 80 տոկոսը գրանցված աշխատողներ են: Գործազուրկ երիտասարդների 28 տոկոսը արական, 72 տոկոսը իգական սեռի են: Հարցվածն երի 31 տոկոսը մոտակա ժամանակներում պատրաստվում է մեկնել Հայաստանից՝ աշխատելու նպատակով: Արտերկիր մեկնել ցանկացողների 39 տոկոսը իգական, 61 տոկոսը՝ արական սեռի են:

 

Հետազոտությանը մասնակցել են 16-30 տարեկան 1578 երիտասարդ՝ 41 տոկոս արական, 59 տոկոս իգական սեռի ներկայացուցիչ, այդ թվում հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդ: Հարցվածներից 481-ը երևանաբնակ են, 1097-ը՝ մարզերից:

 

Երիտասարդների շրջանում հարցումներից զատ՝ իրականացվել է 20 փորձագիտական հարցազրույց գիտական, վարչական, սոցիալական, քաղաքացիական և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտների փորձագետների հետ, 57 հարցազրույց առանցքային տեղեկատուների հետ (զբաղվածության պետական ծառայության կենտրոններ, բուհեր, երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ -ներ, ասոցիացիաներ և այլն), ինչպես նաև 101 խորքային հարցազրույց գործատուների հետ:

 

«ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈւԻ):