Կորեայի Հանրապետության (ԿՀ) նախագահ Պակ Կին Հեն հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել ԿԺԴՀ-ի ղեկավար Կեմ Չեն Ընի հետ՝ կարգավորելու խաղաղ երկխոսությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է մամուլի ասուլիսում:

 

«Ես պատրաստ եմ հանդիպել բոլորի հետ, եթե դա անհրաժեշտ է խաղաղ միավորման համար ճանապարհ բացելուն»,-նշել է Պակ Կին Հեն: Նրա խոսքով՝ նման հանդիպումը կարող է երկու Կորեաների հնարավոր խաղաղ միավորման հիմք դնել: ՀԿ-ի նախագահը ասել է, որ ԿԺԴՀ-ն պետք է դրսևորի իր մտադրությունների անկեղծությունը և քայլեր ձեռնարկի միջուկազերծման բնագավառում:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ 2000 և 2007 թվականներին կայացել է միջկորեական երկու գագաթնաժողով, որոնց ընթացքում ԿԺԴՀ-ի այն ժամանակվա առաջնորդ Կիմ Չեն Իրի հետ հանդիպել են Հարավային Կորեայի նախկին նախագահներ Կիմ Դե Չժունը և Նո Մու Հյոնը:

 

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն համաձայնել է վերացնել միջուկային զենքի ստեղծման իր ծրագրերը: Այդուամենայնիվ, 2006, 2009 և 2013 թվականներին երկիրն ստորգետնյա միջուկային փորձարկումներ է իրականացրել, ինչից հետո ՄԱԿ-ը պատժամիջոցներ է սահմանել Փենյանի նկատմամբ:

 

Օրերս ԿԺԴՀ-ն առաջարկել է ժամանակավգորապես հրաժարվել միջուկային փորձարկումներ անցկացնելուց՝ փոխարենը պահանջելով, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան խոստանան այս տարի չանցկացնել համատեղ զորավարժություններ: Վաշինգտոնը մերժել է այդ առաջարկը: