Հայկական քաղաքակրթությունը խորհրդանշող ծաղկասայլն արժանացել է ԱՄՆ նախագահի մրցանակին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով անգլալեզու «Mirror Spectator» հայկական շաբաթաթերթը, ամերիկահայերն այս տարի առաջին անգամ մասնակցել են Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում ամեն Նոր տարուց հետո անցկացվող «Վարդերի շքերթին»:

 

Հայկական համայնքի կյանքի տարբեր կողմերը խորհրդանշող «Քաղաքակրթության բնօրրան» կոմպոզիցիայով աշխարհին է ներկայացվել հայկական ճարտարապետության, գինեգործության, արվեստների ու արհեստների պատմությունը:

 

Այն բաղկացած է եղել հայկական ավանդական գլխաշոր կրող կնոջ քանդակից, ծիրանի և նռան ծառերից, գորգագործական հաստոցից, հայկական ավանդական կարպետից և 4500 տարի առաջվա հայկական ճարտարապետությունը խորհրդանշող կամարից: Իսկ մեկ բուշել (չափման միավոր Անգլիայում և ԱՄՆ-ում) խաղողը խորհրդանշել է Հայաստանում հայտնաբերված վաղ ժամանակաշրջանի գինեգործական կենտրոնը: