Գյումրիում 6 անձանց սպանության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը ծնունդով Ռուսաստանի Դաշնության Չիտայի մարզից է և Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազա ծառայության է ուղարկվել նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Պերմյակովը, մինչ Գյումրի տեղափոխվելը, 6 ամիս ծառայել է Չիտայում, որտեղ փորձ է կատարել խուսափելու ծառայությունից, սակայն դա նրան չի հաջողվել:

 

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հաղորդմամբ' Վալերի Պերմյակովը ավարտել է Չիտայի երեկոյան դպրոցը, իսկ բանակ զորակոչվելու ժամանակ գտնվել է իրավապահ մարմինների ուշադրության ներքո, քանի որ նրա եղբայրը դատապարտված է եղել սպանության մեղադրանքով: «Նա փորձ է կատարել փախչել ծառայությունից: Հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մտափոխվել է և գրել զեկուցագիր' նշելով, թե չի ցանկանում դուրս մնալ ծառայությունից»,- գրում է լրատվամիջոցը:

 

Թերթը հայտնում է, որ Պերմյակովի ծառայակիցները նրան համարում են շփվող և հավասարակշռված տղա և չեն հավատում, որ նա կարող էր նման քայլի դիմել:

 

Ռուսական լրատվամիջոցներում շրջանառվում է նաև այն վարկածը, որ Գյումրիում կատարված սպանության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը հոգեկան հիվանդություն է ունեցել և անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Սակայն նրա ծառայակիցները չեն հաստատել այդ տեղեկությունը:

 

Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Վեց ամսական մյուս երեխան վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավլովիչ Պերմյակովն է: Վերջինս հունվարի 12-ին' դեպքից հետո փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Ռուս զինծառայողին ճանաչել և բռնել են ռուս սահմանապահները:

 

Կասկածյալը դեռ գտնվում է ռուսաստանցի սահմանապահների մոտ: Տարածքում են գտնվում ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները: Դեպքի վայր է ժամանել նաև ՌԴ Հարավային օկրուգի դատախազը: Քննարկվում են հետագա գործողությունները: Քրեական գործի քննությունը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե, անմիջական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը: