Ռուսաստանի Դաշնության Դաղստանի հանրապետության ղեկավար Ռամազան Աբդուլաթիպովի եղբայրը' Ռաջաբ Աբդուլաթիպովը, ով ՌԴ Դաղստանի միգրացիոն ծառայության վարչության պետն է, երեկ իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել եւ տարվել է Մոսկվա' հետաքննչական գործողություններ կատարելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է kavkazpress.ru լրատվական կայքը:

 

Ռաջաբ Աբդուլաթիպովի անունն ու գործունեությունը բազմիցս շրջանառվել են ամղկալից սկանդալներում, մասնավորապես' Ադրբեջանից մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան սպիրտ փոխադրելու անօրինական ցանց կազմակերպելու գործում Դերբենտի «Կրոտ» (խլուրդ) մականունով քրեական տարր, ծագումով ադրբեջանցի Ռաֆիկ Իդրիսովի հետ համագործակցելու համար, որին հաջողվել է խուսափել հետաքննությունից' հաջողությամբ Ադրբեջան փախչելու եւ ներկայում Իսրայելում թաքնվելու պատճառով:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռամազան Աբդուլաթիպովի եղբայրը կասկածվում է Դերբենտի շրջանում Շ.Ալիեւի անվան գինեգործարանի նախկին տնօրեն Նարիման Ալիեւի եւ նրա կնոջ սպանությունը կազմակերպելու մեջ:

 

Իրեն մարդկային ճակատագրեր որոշող երեւակայելով եւ այդքան հզոր «տանիք» ունենալով, «Կրոտ» Իդրիսովն, անձնական շահերից ելնելով, սկսել է ձեռնածվություն անել Դաղստանի քաղաքական կյանքով: Մաքսանենգ գործարքներում միջնորդի դերում իր մոտ ընկեր ոմն Ռաջաբի միջոցով «Կրոտը» ղեկավար պաշտոնների է նշանակել իր մարդկանց: Նման նշանակումներից մեկը հանդիսացել է Ռաջաբ Աբդուլաթիպովի անմիջական մասնակցությամբ ՌԴ Գրանցման պալատի ղեկավարի պաշտոնում «Խլուրդին» հնազանդ մարդու նշանակումը:

 

Հայտնի է դարձել, որ սպանված Նարիման Ալիեւը եղել է Դերբենտի ադրբեջանական կլանի' ծագումով ադրբեջանցի առաջնորդ Գուրբան Գուրբանովի աները: Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն Գուրբան Գուրբանովի աներոջ սպանության մեջ կասկածում է հենց Ռամազան Աբդուլաթիպովի եղբորը' Ռաջաբին: