Սիրիան հանդես է գալիս աշխարհի բոլոր կողմերում անմեղ մարդկանց սպանության դեմ, և այն ինչ կատարվել է Ֆրանսիայում, ապացուցում է ճշմարտությունը, որի մասին զգուշացրել էր Սիրիան, սակայն ոչ խելացի և անհեռատես ղեկավարները չեն լսել մեզ:

 

Այս մասին չեխական «Լիտերարնի նովինի» թերթին տված հարցազրույցում նշել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը՝ պատասխանելով Ֆրանսիայո ւմ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ հարցերին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Սիրիան արևմտյան քաղաքագետներին կոչ էր արել չաջակցել ահաբեկչությանը, քանի որ այդ ամենն իր ազդեցությունը կունենար իրենց ժողովուրդների և երկրների վրա:

 

«Երբ խոսքը խաղաղ բնակիչների սպանության մասին է, քաղաքական դիրքորոշումը մի կողմում է մնում, և այն համարվում է ահաբեկչություն»,- ասել է Ասադն՝ ավելացնելով, որ իրենք դեմ են անմեղ մարդկանց սպանություններին, հասկանում են, ինչ է դա, քանի որ արդեն 4 տարի է ահաբեկչության մեջ են ապրում:

 

Ասադի խոսքով' Սիրիան հազարավոր անմեղ քաղաքացիներ է կորցրել և այժմ ցավակցում է զոհվածների ընտանիքներին: «Սա Եվրոպայի քաղաքականության արդյունքն է, և այն պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվել է թե' Մերձավոր Արևելքում, թե' Ֆրանսիայում»,- շեշտել է Ասադը:

 

Այն հարցին, թե որն է ահաբեկչության դեմ պայքարի լավագույն մեթոդը, Ասադը պատասխանել է, որ պետք է տարբերակել ահաբեկիչների դեմ պայքարը ահաբեկչության դեմ պայքարից: Նախագահի կարծիքով' անհրաժեշտ է այս փուլում պայքարել ահաբեկիչների դեմ, քանի որ նրանք սպանում են անմեղ մարդկանց, իսկ ահաբեկչության դեմ պայքարի համար անհրաժեշտ է ճիշտ քաղաքականություն:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող հակամարտության զոհերի թիվը հասել է 200 հազարի: