ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հունվարի 15-ին կմեկնի Գյումրի և գյումրեցիներին կներկայացնի Պեմյակովի գործի վերաբերյալ ամբողջ ընթացակարգը: Այս մասին Կոստանյանն ասել է լրագրողների հետ զրույցում:

 

«Ես ուզում եմ դիմել նաև գյումրեցիներին և ողջ ժողովրդին' այս ոճրագործությունը ողջ ժողովրդի խնդիրն է և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ:

 

Ես վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում և մենք բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին և կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը»,- ըստ panorama.am-ի ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

 

«Հայաստանի Հանրապետությունը հետևողական է լինելու իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի պատասխանատվության ենթարկելու գործում»,-հավելեց Գլխավոր դատախազը:

 

Գյումրիում հունվարի 14-ին անցկացվել է ինքնաբուխ ու խաղաղ ավտոերթ, որի նպատակը հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջը լսելի դարձնելն էր:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

 

Սպանության մեջ կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովն արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ: Հայկական և ռուսական քննչական մարմինների մասնակցությամբ անցկացվել է նախաքննություն:

 

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: