ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Դանա Ռորաբախտերը քննադատել է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի նկատմամբ կիրառված բռնությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

Ռորաբախտերը նշել է, որ Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունները չեն նպաստում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը: «Հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը, իսկ արդեն դրան հաջորդած խուզարկումներն «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում ադրբեջանական կառավարության կողմից լրատվամիջոցների և հասարակական մտքի ազատության սահմանափակմանն ուղղված վերջին քայլերն էին»,- նշել է կոնգրեսականը:

 

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում լսումներ կանցկացվեն ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վերաբ երյալ: Կոնգրեսմենը նաև կոչ է արել ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային' ընդգծելով, որ դա կդիտարկվի որպես Ադրբեջանի դրական մտադրությունները ցույց տվող քայլ:

 

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակն է, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը:

 

Խադիջա Իսմայիլովի ձերբակալությունը դատապարտել են նաեւ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանների կորպորացիայի գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը, Եվրոպայի Խորհուրդը, Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները եւ բազմաթիվ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: