ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր այցելել է Շիրակի մարզի դատախազություն։

 

Կոստանյանը Գյումրիում վերահաստատել է, որ հունվարի 12-ի ոճրագործության մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում և հնարավորություն է լինելու հետևելու քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու ողջ գործընթացին: «Ես պաշտոնապես հայտարարում եմ' որպես հայ և որպես ՀՀ գլխավոր դատախազ' դա բոլորիս ցավն է, իրավական համակարգը բացարձակ հետևողական է այդ հարցում: Մեր օրենսդրությամբ և միջազգային իրավունքի տեսանկյունից կրկնում եմ' անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության և պատժի Հայաստանի Հանրապետության տարածքում: Նա արդարադատության առաջ կկանգնի Հայաստանում»,- ասաց Կոստանյանը:

 

Անդրադառնալով օրեր առաջ ՌԴ սահմանադրությանը հղում կատարելուն Կոստանյանը նշեց, որ հայտարարությունը որոշակի շահարկումների տեղիք է տվել. «Եթե խոսում ենք ռուսական բազայում հանցագործություն կատարած անձի մասին, պետք է ի նկատի ունենալ, որ այս հարցում երկու երկրի օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերը գործում են ամբողջությամբ ու միասնականորեն: Ամեն ինչ պետք է նայել միջազգային իրավունքի կոնտեքստում»,- ասաց Կոստանյանը' վկայակոչելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնության միջև 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի 4-րդ հոդվածը, որով Հայաստանի Հանրապետության իրավազորությունը տարածվում է ՌԴ զինվորական բազայում ծառայող ՌԴ զինվորականների կողմից կատարված հանցագործությունների վրա: Սահմանված է բացառություն ընդհանուր կանոնից, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է տարածվել ՌԴ իրավազորությունը: Ըստ այդմ' Կոստանյանը վկայակոչում է հինգերորդ հոդվածը, որով չորրորդ հոդվածի դրույթները կիրառելի չեն. եթե հանցագործությունը կատարվել է բազայի տարածքում, եթե հանցագործությունը կատարվել է ՌԴ-ի դեմ և բազայի նկատմամբ և եթե կատարվել է զինվորական հանցագործություն: Զինվորական հանցագործություններն ընդդատյա են:

 

«Գյումրիի սպանության դեպքով ունենք զինվորական բնույթի հանցագործություն' զորամասն ինքնակամ լքելու, պահակային կանոններ խախտելու, զինվորական հանցագործությունը կատարելու արդյունքում կատարել է այլ հանցագործություն: Միջպետական օրենսդրությամբ կարգավորվող այս հարցը նաև երկու պետությունների ներպետական օրենսդրություններին է ենթարկվում: Նկատի ունենալով, որ հանցագործություն է կատարվել նաև ՀՀ տարածքում, հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով և իրականացվում է ՀՀ իշխանությունների իրավազորությունը»,- ասաց Կոստանյանը:

 

Կոստանյանի խոսքով՝ քննչական և դատավարական գործողություններ են իրականացվելու մեղադրյալի նկատմամբ: «Չենք խոսում որևէ մեկին իրավազորություն հանձնելու և զիջելու մասին: Գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ. երկու երկրների օրենսդրությունների համադրության խնդիր է դրվել' պայմանավորված միջազգային իրավական պայմանագրերով»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում: Սպանվել է նույն ընտանիքի վեց անդամ:

 

Մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեցից ութ ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:

 

Ընտանիքի վեց անդամի սպանության մեջ կասկածվողը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է, ում ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանի մոտ:

 

Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: