Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարական կազմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈւ գլխավոր շտապի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իր ելույթում դրվատեց Հայոց բանակի սպաներին, նրանց գործած անձնազոհությունն ու սխրանքները, կուտակած փորձն ու ցուցաբերած նվիրումը. «20 տարուց ավելի մենք ունենք մոտ 1000 կիլոմետրի վրա ձգվող խրամատներ, պաշտպանական դիրքեր՝ մշտական հարձակման սպառնալիքի տակ, ուր անդադար կրակում են, պայթեցնում, հարձակվում դիվերսիոն խմբերով, սակայն մենք դիմանում ենք: Աշխարհի ոչ մի երկիր, անգամ ամենահզոր երկրները, նման պայմաններում չէին դիմանա: Դիմանում ենք, որովհետև ունենք փորձառու, մարտերում թրծված, բարձրակարգ սպաներ, որոնց պետք է ըստ արժանվույն գնահատել: Ուզում եմ ինձ էլ համարել հայոց բանակի սպա, քանի որ արդեն կես տարով ավելի երկար եմ ծառայել Հայոց բանակում, քան ԽՍՀՄ զինված ուժերում»,- ներկաներին դիմեց Յուրի Խաչատուրովը:

 

Գլխավոր շտաբի պետն, օգտվելով առիթից, մի քանի խորհուրդներ տվեց սպաներին իր անցած մարտական փորձից ու զինվորական ուղուց. «Երբ մենք ստեղծում էինք զորամիավորումներն ու ստորաբաժանումները, միմյանց հանդեպ փոխադարձ վստահությունն աննշան էր, քչերն էին միմյանց հավատում ու վստահում: Այսօր արդեն իրավիճակն այլ է, վստահության մթնոլորտը՝ անչափ բարձր: Մենք շատ մեծ առաջընթաց ունենք բանակաշինության մեջ ու պետք է շարունակենք նույն եռանդով առաջ ընթանալ: Միշտ իմացեք, որ գունդը, վաշտը, դասակը, այլ ստորաբաժանումները մեկը չի կառավարում, այն կառավարվում է բոլորի ուժերով՝ շարքայինից մինչև հրամանատար և հակառակը, ուստի անչափ կարևոր է, որ հրամանատարներն ու ենթակաները կարողանան գնահատել ու կարևորել միմյանց, կարևոր է, որ բանակում ամեն մեկը զբաղվի միայն իր գործով: Ոչ թե սպան պետք է ծանոթների միջոցով ընտրի իր ծառայության վայրը, այլ պիտի գնա այնտեղ, ուր նրան նշանակում է հրամատարությունը: Ծառայության վայր մեկնելիս խորհուրդ եմ տալիս՝ ձեզ հետ տանել ձեր ընտանիքները, որտեղ դուք ծառայույունից ազատ ժամերին կգտնեք ձեր հոգու անդորրը:

 

Եթե դեռ չեք ամուսնացել, ընտրեք այնպիսիներին, ովքեր պատրաստ են ձ եզ հետ կիսել ձեր կյանքի ուղին: Իմ զինվորական ծառայության ողջ ընթացքում ես փոխել եմ 27 բնակավայր, նույնքան անգամ տեղափոխվել բնակության՝ միշտ ինձ հետ ունենալով ընտանիքս: Ծառայեցեք նվիրումով, և ձեզ անպայման կգտնեն ու կգնահատեն: Եվ վերջինը՝ միշտ սովորեք, կարդացեք, զարգացեք, մի բավարարվեք եղած փորձով ու գիտելիքներով: Այդժամ մենք ավելի հզոր, ավելի անպարտ կլինենք»,- եզրափակեց Խաչատուրովը:


Խոսրով Խլղաթյան