Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի 6 սպանված անդամների հուղարկավորությունը: Դաժան սպանության զոհ դարձածների աճյուններն ամփոփվեցին Գյումրիի «Շիրակ» գերեզմանատանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զոհերի մարմինները հողին հանձնելուց առաջ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողակարգ:

 

Հուղարկավորությանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Սպանվածներին վերջին հրաժեշտը տալու էին եկել նաև հազարավոր գյումրեցիներ:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

 

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: