Հայաստանի հրեական համայնքը խստորեն քննադատել է վերջերս հայտնված շինծու հրապարակումները Հայաստանում տիրող հակասեմականության մասին: Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը հատուկ հոդված է հրապարակել այս թեմայով, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև:

 

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, երբ քաղաքակիրթ մարդկությունը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում սպանված շուրջ մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, ակտիվացել է նաև թուրք-ադրբեջանական քարոզչությունը: Միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և հրեական համայնքային տարբեր կառույցների օգնությունը ստանալու նպատակով վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է տարվում տարբեր լրատվամիջոցներում պատվիրված և միակողմանի հոդվածների միջոցով ստվեր գցելու հայ-հրեական հարաբերությ ունների վրա:

 

Միանգամից պետք է նշել, որ այդ փորձերը չեն կարող ծառայել իրենց նպատակին: Երկու հինավուրց ժողովուրդների՝ հայերի և հրեաների պատմությունը հարուստ է ընդհանրություններով և փոխադարձ շփումներով, և ամենամեծ ցանկության դեպքում անհնար է սևացնել այդ հարաբերությունները: Այնուամենայնիվ, երբ առկա է քաղաքական պատվեր և կան անպատասխանատու վերլուծաբաններ, միշտ էլ կլինեն սին փաստարկներով հակառակը ապացուցել փորձող մեկնաբանություններ:

 

Հին հրեական ասացվածքի համաձայն' ատելությունը ստիպում է ուղիղը թեք պատկերացնել:

Րաբբի Ջոզեֆ Թելուշկինը կարծում է, որ, զայրանալիս մարդիկ կորցնում են ողջախոհությունը:

 

Ցավոք, որոշ լրագրողներ, քաղաքական գործիչներ, պսևդո-դիվանագետներ և հասարակական գործիչներ իրենց շահերը առաջ մղելու և քաղաքական խաղերի գործընթացում անտեսում են էթիկայի ցանկացած նորմ:

 

Դրանցից է, օրինակ, Մաքսիմ Գաուինի և Ալեքսանդր Մուրինսոնի հոդվածը haaretz.com-ում, Արիե Գուտի հոդվածը jns.org-ում և Ալեքսանդր Մուրինսոնի հոդվածը thehill.com-ում: Միայն այս հեղինակների գործունեությունն ու կենսագրությունն անգամ կասկածներ չի թողնում նրանց վերլուծությունների միակողմանի լինելու վերաբերյալ:

 

Հայաստանը որպես հակասեմական երկիր ներկայացնող Մաքսիմ Գաուինը հրապարակայնորեն սատարում է Թուրքիայի ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությանը, որը Հայոց ցեղասպանության նկատմամբ բացահայտ ժխտողական կեցվածքից զատ հայտնի է նաև որպես հակասեմականության և քսենոֆոբիայի քարոզող: Սակայն Գաունինը աչք է փակում այս հանգամանքի վրա:

 

Վաղուց արդեն ադրբեջանական քարոզչամեքենայի ծառան դարձած Արիե Գուտը նաև Իսրայել-Ադրբեջան միջազգային կազմակերպության անդամ է: Ալեքսանդ Մուրինսոնը իրականության տեղ է ընդունում իր դոկտորական թեզի այն հիմնական գիծը, թե իբր Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը ոչ ավել, ոչ պակաս անտանտ դաշինք են հանդիսանում: Ելնելով նման սխալ հիպոթեզից' նա զարգացնում է այն թեզը, որ այդ երկրներից որևէ մեկի հակառակորդը նրանց բոլորի հակառակորդն է:

 

Զարմանալի պատահականությամբ պահպանողական հայացքներ առաջ քաշող և Հայաստանի, Ադրբեջանի ու հրեականության վերաբերյալ երբևէ ոչինչ չտպագրած Ռաուլ Կոնտրեռասը զարգացնում է վերոնշյալ հեղինակների տեսակետները The Hill-ում' հունվարի 5-ի իր հոդվածում' ցուցաբերելով «համապարփակ իմացություն» Իսրաելի, Հայաստանի և Ադրբեջանի մասին:

 

Վերը հիշատակված հեղինակների փաստարկների միակողմանիությունը կասկածի տեղ չի թողնում դրանց մեկ աղբյուրից սնվելու փաստի վերաբերյալ:

 

Ադրբեջանական իշխանությունների կողմից արևմտյան կարծիքի վրա ազդելու մեթոդները գաղտնիք չեն, դրան անդրադարձ են կատարել շատ հեղինակավոր լրատվամիջոցներ:, ինչպես, օրինակ, Նյու Յորք Թայմսը 2014թ. սեպտեմբերին, իսկ Foreign Policy ամսագիրը 2014թ. հունիսին բավական ծավալուն ակնարկ է կատարել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի դիկտատորը փորձում իրեն հարմարեցնել միջազգային հանրային կարծիքը: Կարծում եմ' միջազգային բոլոր հեղինակավոր հրեական կառույցները պետք է նվազագույնը թույլ չտան այս արշավում իրենց ներքաշելու փորձերը:

 

Անդրադառնալով վերևում նշված հեղինակների հոդվածներին՝ հարկ է ընդգծել նրանց թեզերի ակնհայտ կեղծ լինելը: Նշված բոլոր հեղինակներն էլ, փորձելով Հայաստանը ներկայացնել որպես հակասեմական երկիր, ձախողվում են բերելու իրենց փաստարկը հիմնավորող օրինակներ: Իրականում նման փաստարկներ չեն էլ կարող լինել, քանի որ հայ-հրեական հարաբերություններն առանձնանում են հանդուրժողականության և համակեցության եզակի օրինակներով:

 

Որպես Մերձավոր Արևելքի երկու հնամենի ժողովուրդ' հայ-հրեական հարաբերությունների պատմությունը հասնում է մինչև դարերի խորքը, ինչի վկա յությունն է հազարմյակների պատմություն ունեցող Երուսաղեմի հայկական թաղամասը: Մյուս կողմից անտիկ աղբյուրները տեղեկություններ են պահպանել Հայաստանի քաղաքներում հրեական հոծ ներկայության մասին:

 

Այս ամենից ելնելով' մառազմի են հասնում պատմության կեղծիչների կողմից բերված այսպես կոչված օրինակները, որոնք իրենց կարծիքով ուղղված են վարկաբեկելու երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունները: Մասնավորապես, Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հայկական լեգեոնը, որը ներկայացվում է որպես նացիստների կողմից կռվող միավոր, իրականում ձևավորվել էր խորհրդային բանակում ծառայող հայաստանցի ռազմագերիների կողմից: Նմանատիպ ազգային լեգեոններ կազմվել էին նաև նախկին Խորհրդային Միության բազմաթիվ այլ ազգություններից:

 

Հայկական լեգեոնի ստեղծման գաղա փարը նացիստական ղեկավարությանը հուշել էին հենց Հայկական սփյուռքի մի շարք ներկայացոււցիչներ. նպատակը պարզ էր՝ ռազմագերիներին փրկել ֆիզիկական ոչնչացումից և հնարավորություն ընձեռել նրանց փախչելու և վերստին համալրելու խորհրդային զորքերի շարքերը: Այդ կերպ փրկվեցին Խորհրդային Հայաստանի բազմաթիվ զինվորներ՝ հայեր, եզդիներ, հույներ, ասորիներ, ռուսներ, հրեաներ:

 

Ինչ վերաբերում է ժամանակակից Հայաստանին, ապա հակասեմականության նշույլներ, եթե անգամ եղել են, ինչը ցավոք կարող է լինել աշխարհի ցանկացած կետում, ապա դրանք երբևէ չեն վայելել ոչ միայն իշխանությունների, այլ նաև քիչ թե շատ ազդեցիկ որևիցե հասարակական-քաղաքական ուժի աջակցությունը: Հայաստանի շրջաններից մեկում միջնդարյան հրեական գերեզմանի վերանորոգումը պետության հատկացված միջոցներով արդյոք կարո՞ղ է հակասեմական քաղաքականություն համարվել:

 

Իսկ այն սոցիոլոգիական հարցումը, որը օրինակ է բերվում հակահայկական հոդվածներից մեկի հեղինակի կողմից, ի րականում ոչ այլ ինչ է քան նախապես դրված թեզը ապացուցել փորձող ֆարս: Հարցման մեթոդոլոգիան ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ առաջարկում:

 

Հարցաթերթիկի հարցերն այնպես են կազմված, որ անգամ աշխարհում հրեական ամենահոծ համայնքն ունեցող երկրում այն անցկացնելու դեպքում հնարավոր է այդ երկիրը համարվեր ամենահակասեմական պետությունը: Հատկանշական է, որ այդ «սոցիոլոգիական հարցման» հեղինակները նպատակահարմար չէին համարել հետաքրքրվելու բարձրացված հարցերի վերաբերյալ Հայաստանի հրեական համայնքի կարծիքով:

 

Հրեական համայնքը Հայաստանում իրեն զգում է պաշտպանված և վայելում է իր իրավունքների, մշակույթի, սովորույթների նկատմամբ իշխանությունների բացարձակ հարգանքը: Հայաստանում չկա հակասեմականություն և մենք ունենք հայերի հետ լավագույն հարաբերությունները: Իհարկե, համայնքն ունի նաև խնդիրներ, որոնք պայմանավորված են ընդհանուր երկրի իրավիճակով:

 

Հետխորհդային տարիներին ծանր տնտեսական պայմանների հետևանքով Հայաստանից հեռացել են բազմաթիվ քաղաքացիներ՝ հայեր, ինչպես նաև ազգային այլ փոքրամասնություններ: Հայաստանի հրեաները կիսում են այս երկրի բոլոր դժվարությունները' միևնույն ժամանակ իրենց համարելով ՀՀ հպարտ քաղաքացիներ:

 

Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա հայերը մշտապես հիացմունքով են լցված եղել հրեաների և Իսրայել պետության նկատմամբ, և եթե անցկացվի սոցիոլոգիական հարցում, թե աշխարհի որ ժողովրդի անցած ուղին եք դուք համարում առավել շատ հարգանքի արժանի, ապա անկասկած «հրեաներ» և «Իսրայել» պատասխանները Հայաստանում շատ մեծ տոկոս կկազմեն: Միանշանակ է, որ Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել հակասեմական և հակաիսրայելական բնույթի ցույցեր, որոնք տեղի ունեցան Ադրբեջանի տարբե ր քաղաքաներում մի քանի տարի առաջ:

 

Ինքս քաղաքական վերլուծաբան կամ քաղաքական գործիչ չեմ և չեմ ցանկանում մեկնաբանել Հայաստան-Իրան, Հայաստան-Իսրայել կամ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները, սակայն այն, որ վերը նշված հոդվածներում նաև փորձ է արվում ծայրահեղ միակողմանի մեկնաբանել Ղարաբաղյան հակամարտությունը, վկայում է, որ իրոք ադրբեջանական և թուրքական լոբբինգը նպատակաուղղված փորձ է կատարում օգտագործել հրեական կառույցներին Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան քողարկելու նպատակով:

 

Հրեա ժողովուրդը բավական քաջածանոթ է այն ամենին, ինչ տեղի է ունեցել հայերի նկատմամբ Ադրբեջանում և Ղարաբաղում: 1990-ական թթ., երբ ադրբեջանական ժողճակատի ելուզակները կազմակերպում և իրականացնում էին հայ բնակչության կոտորածներ և տեղահանություններ, ամենից տարածված կարգախոսներից էր. «Առանց հայերի և հրեաների կծաղկի Ադրբեջանը»: Ադրբեջանի իշխանությունները, որքան էլ փորձեն ներկայանալ որպես Իսրայելի դաշնակից, այսօր ևս չեն կարող լինել հրեա ժողովրդի բարեկամը:

 

Եթե որևիցե մեկի մոտ այս փաստարկը կասկածելի է թվում, կարդացեք խնդրեմ ալիևյան վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտման բազմաթիվ ճչացող դեպքերի մասին հրապարակումները կամ թեկուզ Եվրոպայում հակասեմական ցույցեր ֆինանսավորելու վերաբերյալ հոդվածները: Կասկածից նաև վեր է, որ Ադրբեջանն օգտագործում է Իրան-Իսրայել հարաբերությունները՝ Իսրայելում իրեն ներկայացնելով որպես Իրանի դեմ քաղաքականության ամենավստահելի գործընկերոջ:

 

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարները շատ վտանգավոր խաղ են սկսել, եթե կարծում են, որ կարող են օգտագործել Իսրայելին և համաշխարհային հրեականությանն իրենց նեղ շահերն առաջ մղելու համար:

 

Հայտնի փաստ է, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների օրերին այլ փոքրամասնությունների հետ միասին հրեաները ևս դարձել էին երիտթուրքական պարագլուխների թիրախ: Մասնավորապես, նրանցից Ջեմալ Փաշան հայտարարել էր, որ «հայերի նկատմամբ կոտորածների քաղաքականությունը պետք է ուղղել նաև հրեաների դեմ»:

 

Իսկ նախորդ տարի Գեզիի իրադարձությունների ժամանակ ոստիկաններից մեկը, կրակելով ցուցարարների վրա, ասում էր. «Դուք թուրք չեք, դուք հայեր և հրեաներ եք»: Այսօր տագնապալի լուրեր են ստացվում Թուրքիայից, որ այդ երկրում ահագնացող հակասեմա կանության ֆոնի վրա հրեաներն սկսել են արտագաղթել այլ երկրներ:

 

Հրեա և հայ ժողովուրդների դառը ճակատագիրը լի է արհավիրքներով, հետապնդումներով և կոտորածներով: Պատմական եզակի դաժան փորձությունների բովով անցնելով' երկու ժողովուրդները, թերևս առավել քան այլոք, ընկալում են միմյանց ցավը և վստահաբար գիտեն' ինչ է նշանակում ապրել' շրջապատված լինելով թշնամանքով ու ատելությամբ:

 

Եթե նման իրողությունների անտեսումը լրագրողների և վերլուծաբանների կողմից, թեև դատապարտելի է, սակայն տեղավորվում է քարոզչության տրամաբանության շրջանակներում, ապա քաղաքական գործիչների կողմից, այն էլ ժողովրդավարական երկրներում, աններելի անպատասխանատվություն է, որը չի կարող որևիցե արդարացում ունենալ:

 

Այսպես, 2014 թ. դեկտեմբերի 12-ին իր ադրբեջանամետ հայացքներով հայտնի կոնգրեսական Սթիվ Սթոքմանը, հանդես եկավ ելույթով՝ ամբողջովին կրկնելով Արիե Գուտի հոդվածը: Սա բացահայտ անարգանք է ոչ միայն պարոն Սթոքմանի ընտրողների, այլ նաև ամերիկյան ժողովրդավարության նկատմամբ: Ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել պատվիրված և կեղծ թեզերի բարձրացումն օրենսդիր իշխանության ամբիոն:

 

Չի կարելի մամուլի և խոսքի ազատության շղարշի տակ ներկայացնել ատելության քարոզչություն, բռնակալ առաջնորդի շահերը սպսարկող օրակարգ և այդ ամենում օգտագործել ընդհանուր առմամբ համաշխարհային հրեականությունը և մասնավորապես Հայաստանում հրեական համայնքին: Ես ցանկանում եմ հրավիրել ԱՄՆ-ի հրեական համայնքի ուշադրությունը այս փաստի վրա և կոչ եմ անում մշտապես զգոն լինել և դատապարտել հրեական գործոնը նման ստոր ձևով օգտագործ ել փորձող քաղաքական շրջանակների ձեռնարկները»: