Ադրբեջանը կսկսի զարգանալ այն բանից հետո, երբ բոլոր ժողովրդական փողերը կգողացվեն, իսկ իշխող վերնախավը կհեռանա երկրից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

 

Նա նշել է, որ Ադրբեջանը դիպուկ նկարագրել է իտալացի գրող Ջաննի Ռոդարին' իր «Չիպոլինոյի արկածները» գրքում: «Մենք ունենք մեր Չիպոլինոն, մեր արքայազն Կիտրոնը, ասպետ Լոլիկը, որն էլ կառավարում է ժողովրդին», -ասել է նա:

 

Մեկնաբանելով նավթի համաշխարհային գների սրընթացորեն անկման հետ կապված' Ադրբեջանում ստեղծված սոցիալ-քաղաքական-տնտեսական իրավիճակը, Ալիզադեն նշել է, որ երկրի իշխանության գլուխ Իլհամ Ալիեւը նավթային եկամուտներից կուտակած միլիարդների հաշվին դեռեւս կարող է շարունակել իր անհեռանկար քաղաքականությունը: «Հարցի էությունը հասարակ է. մեր վերնախավը սովորել է մեծ փողեր յուրացնել' թալանելով սեփական ժողովրդին:

 

Այսօր նավթի գներն ընկել են, բայց վերնախավի ախորժակը մնացել է նույնը: Նրանք շարունակելու են թալանել սեփական ժողովրդին այնքան ժամանակ, քանի կառավարում են: Ադրբեջանը կսկսի զարգանալ այն բանից հետո, երբ բոլոր փողերը կգողացվեն, եւ վերնախավը կլքի երկիրը», -ասել է Ալիզադեն:

 

Նրա խոսքով' Ադրբեջանը հանդիսանում է վատ կառավարման դասական օրինակ: «25 տարվա անկախության ընթացքում, որի 10 տարիներին երկրին նավթադոլարներ են մատակարարվել, մենք չենք կարողացել ոչ տնտեսություն, ոչ ձեռնարկություններ ստեղծել, որոնք կարող էին մեզ ազատել նավթային կարթից: Մենք ապրում ենք պորտաբուծական պետությունում», -նշել է նա:

 

Մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող Ադրբեջանի դեմ Արեւմուտքի կողմից պատժամիջոցներ չկիրառվելու հետ կապված' Ալիզադեն ասել է, որ Վաշինգտոնի համար Ադրբեջանն այնքան անկարեւոր երկիր է, որ ոչ ոք «չի կեղտոտի ձեռքերը» նրա հետ: «Ադրբեջանը բոլոր առումներով անվտանգ երկիր է ԱՄՆ-ի համար:

 

Այն նավթ է տալիս Արեւմուտքին, տարանցիկ երկիր է Աֆղանստան փոխադրումների համար, «Իսլամական պետության» համար «զինկոմիսարիատ» է հանդիսանում (այնտեղ գրոհայիններ են ուղարկում, որոնց հետո սպանում են), Իրանի դեմ գործողությունների պլացդարմ է դարձել: Իսկ այն, որ Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարվում են, ԱՄՆ-ի համար ցավ չէ:

 

Եթե մեր ժողովուրդն իր իրավունքներին անտարբեր է, ապա ինչու՞ պետք է Վաշինգտոնն անհանգստանա նրա իրավունքների համար», -համոզմունք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետը: