Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների հետևանքով գլխուղեղային վնասվածք ստացած և Երևանում վիրահատված ուստիկանի վիճակը կայուն է:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի հերթապահ բժիշկ Արթուր Շուշանյանը, նրա վիրահատությունը բարեհաջող էր անցել, և այսօր, ամենայն հավանականությամբ, հիվանդը կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունքից: «Մի քանի ժամից նա կտեղափոխվի նեյրովիրաբուժության բաժանմունք: Հիվանդի վիճակը լավ է…»,- ասաց նա:

 

Գյումրիում և Երևանում երեկ տեղի ունեցած միջադեպերի հետևանքով մարմնական վնասվածք էր ստացել 26 քաղաքացի, որոնցից 16-ը' ոստիկանության աշխատակիցներ: Վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկը գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում վիրահատվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:

 

Հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվել է: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով վստահեցրել է, որ դիմելու է ռուսական կողմին' ոճրագործին հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջել են նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքիմասնակիցներն ուղղվել են դեպի ՌԴ հյուպատոսարան, որտեղ էլ ցուցա րարների և ոստիկանների միջև արձանագրվել է բախում: Երեկոյան չնախատեսված հավաք է տեղի ունեցելնաև Երևանի Ազատության հրապարակում: