Տեղեկատվական դաշտում ներկա պահին ստեղծվել է բավական պայթյունավտանգ իրավիճակ, որովհետև տեղեկատվական դաշտ են մտել ոչ միայն հայկական և ոուսական կողմերը, այլև ուկրաինական, ռուսական ընդդիմադիր, հակառուսական, թուրքական և ադրբեջանական կողմեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունվարի 16-ին լրագրողներին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

 

«Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո առաջացել են մեծ խնդիրներ, և ներքին հայկական դաշտում նկատվում են վիճակն ավելի սրելու միտումներ: Դրանց մի մասն ընդդիմադիր լրատվամիջոցների գործն է, որոնց ներկայացուցիչները կարծում են, թե այդպիսով իրենք կհասնեն իշխանափոխության: Իրենց անբարետես գործն են անում նաև հակառուսական, արևմտամետ լրատվամիջոցները: Արդյունքում այս ամենի հետ կապված հայկական լրատվական դաշտում առաջացել է շիլաշփոթ», - ասաց Տիգրան Քոչարյանը:

 

Տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքով՝ ներկա պահին հայկական լրատվական և համացանցային դաշտում, բացի հայկական լրատվամիջոցներից, 6-7 այլ տեղեկատվական հոսքեր են տրվում, որոնց նպատակն է սրել հայ-ռուսական հարաբերությունները:

 

«Այս օրերին տեղեկատվական առումով իրեն բավականին վատ է դրսեվորում նաև ռուսական լրատվական դաշտը, որոշ հեռուստաալիքներ ընդհանրապես արհամարում են տեղի ունեցածը: Իսկ ընդդիմադիր ռուսական լրատվամիջոցները նույնպես աշխատում են հարաբերությունների սրման վրա, մեկ այլ ստվար զանգված ցուցաբերում է անգրագիտություն, որը նույնպես վատ է անդրադառնում Հայաստանում Ռուսաստանի վարկանշի վրա», - նկատեց Տիգրան Քոչարյանը:

 

Փորձագետը հավելեց, թե իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ շատերը մոռանում են բուն պատճառը: Նրա կարծիքով՝ հուզականությանը տրվելու փոխարեն ներկա պահին անհրաժեշտ է առաջին հերթին հասկանալ տեղի ունեցածի դրդապատճառները' հաշվի առնելով, որ ընտանիքի տղամարդիկ վերադարձել էին արտագնա աշխատանքից, և, հավանաբար, այդտեղ են թաքնված ոճրի պատճառները: